Դիմակ և ալկոգել․ երևանյան տրանսպորտում ստուգումները կուժեղացնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տեսչական մարմինները երևանյան ուղևորատար տրանսպորտում սանիտարական ռեժիմի համատեղ ստուգումներ են իրականացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց առողջապահական պետական տեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմինե Մինասյանը։
Նա հավելեց, որ տեսչությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում տրոլեյբուսներում, մետրոյում, ավտոբուսներում և երթուղայիններում, ստուգում են` վարորդներն ու ուղևորները դիմակներով են, թե ոչ, առկա են արդյոք ձեռքերի ախտահանման համար նախատեսված ալկոգելերը։
Այժմ այդ ստուգումներն իրականացնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու ճանապարհային ոստիկանության մասնակցությամբ։ Համատեղ մոնիտորինգը շարունակական կլինի, ինչպես կարանտինի առաջին ամիսներին։
«Ստուգումներ միշտ ենք անցկացրել, բայց հիմա դրանք ավելի ինտենսիվ բնույթ կունենան », - շեշտեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտնեց, որ վերջին ամիսներին քաղաքացիները սկսել են քիչ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցներին, և կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել։ «Եթե փետրվարի սկզբին մենք ունեինք թեստավորվածների մեջ 5-6 տոկոսի դրական դեպքեր, ապա այսօր արդեն` 16, և հաջորդ շաբաթ, մեր կանխատեսմամբ, այս թիվը կավելանա։ Ի՞նչ պիտի անենք։ Պիտի վերադառնանք դիմակների և կանխարգելիչ այլ խիստ միջոցառումների խիստ պահպանմանը»,– ասաց նա։
Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այժմ երկրում կարանտին է, որը կտևի մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը։ Դիմակ դնելը պարտադիր է։