Նիկոլ, գրի հրաժարականը ու հեռացի, այլ տարբերակ չունես. Սաղաթելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲոլոր այն պետական ինստիտուտները, որոնք հակազգային, հակապետական, հակասահմանադրական գործունեություն են իրականացնում, պետք է շրջափակել եւ արգելել դրանց գործունեությունը: Այս մասին այսօր՝ մարտի 9-ի երեկոյան, Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների վրա ԱԺ մուտքերն արգելափակելուց հետո հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը գերի է ընկել այդ խելագարի ձեռքին եւ այս քայլով հնարավորություն ու շանս են տալիս ազատվել գերությունից չկիսել նրա հետ դավաճանական գործունությունը եւ գալ կանգնել ժողովրդի կողքին, պահանջել այդ խելագարի հրաժարականը։ «Նիկոլ, գրի հրաժարականը ու հեռացի, այլ տարբերակ չունես»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում քաղաք.
«Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք։ Ուզում եմ դիմել ոստիկաններին․ տղե՛րք, մի արեք այդ բանը, այս բանակը միայն մերը չի, այս պետությունը միայն մերը չի, նաեւ ձերն է։ Մի՛ ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին։ Դուք այդ իրավունքն ունենք։ Այդ մարդու գործունեության հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքը, 5 հազար զոհ ենք տվել, ձեր ընկերները գերության մեջ են, այդ մարդը շարունակում է հանձնել մեր հայրենիքը, դուք պետք է չենթարկվեք այդ խելագարին, կանգնեք Բանակի կողքին, պետության կողքին հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն ձեր ու մեր երեխաների, հանուն մեր ժողովրդի։ Հարգելի ժողովուրդ, սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա հայրենիքի փրկության համար պայքար է, խնդրում եմ ճիշտ գնահատել իրավիճակը․ այս մարդու իշխանության յուրաքանչյուր օրը վտանգ է մեր պետության համար։ Այո, բոլոր ինստիտուտները պետք է շրջափակենք, որոնք հակապետական են ու հակազգային։ Բոլոր այն անանց, որոնք դավաճանել են մեր ժողովրդին ու պետությանը, պետք է նետել պատմության աղբանոցը։ Ազգ, բանակ, հաղթանակ»,- ասաց Սաղաթելյանը։