ՊՆ-ն ստո՞ւմ է. քառօրյա պատերազմում վիրավորված Ռոլանդի ընտանիքը տեղյակ չէ, որ արտերկիր տեղափոխվելու հարց է քննարկվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Թալիշում ապրիլի 3-ին ծանր վիրավորված Ռոլանդ Սահակյանը նոյեմբերի 17-ին, կրկին վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռոլանդի հայրը ` Քաջիկ Սահակյանը:
«Երկու պառկելախոցն են վիրահատել, որ կարողանանք Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն տեղափոխենք: Յոթ ամսից ավելի այս հոսպիտալում ենք»,- ասաց վիրավոր զինծառայողի հայրը:
Ավելի քան 7 ամիս ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Ռոլանդն արդեն ենթարկվել է երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի վիրահատությունների:
Ի դեպ, ըստ Պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվում է Ռոլանդին արտերկիր տեղափոխելու հարցը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում ստացած եւ ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռոլանդ Սահակյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ եւս կատարվել են համապատասխան հարցումներ, ստացվել է համապատասխան դիրքորոշում: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն` արտերկրում վերականգնողական բուժման հարցը սահմանված կարգով քննարկելու համար: Ռոլանդ Սահակյանի հարազատները եւս տեղեկացված են արտերկրում վերականգնողական բուժումը կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքերի մասին:
«Մենք համացանցից ենք իմացել, որ այդ հարցը քննարկվում է: Մեզ հետ ոչ ոք այդ մասին չի խոսել, չգիտենք էլ, որ նման հարց կա: Նախարարի հետ հանդիպել եմ, խոստացավ, որ ամեն ինչ կանեն, բայց հիմա վերականգնողական բուժում ա պետք իմ երեխային, ես մեր բժիշկներից շատ գոհ եմ, բայց հիմա արդեն վերականգնողական բուժում ա հարկավոր»,- նշեց զինծառայողի հայրը:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին կայացրած որոշումը, թե վիրավոր զինծառայողները, որոնց բուժումը հնարավոր չէ Հայաստանում ապահովել, կտեղափոխվեն արտերկիր: Առ այսօր այդ որոշումը ոչ մեկի համար չի կիրառվել: