Կորոնավիրուսի բռնկումից ամիսներ առաջ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան կենդանի չղջիկներին վանդակներում պահելու և փորձեր իրականացնելու համար արտոնագիր է ստացել․ Mirror
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսի համավարակի բռնկումից ընդամենը մի քանի ամիս առաջ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան կենդանի չղջիկներին վանդակներում պահելու և փորձեր իրականացնելու համար արտոնագիր է ստացել, հաղորդում Mirror-ը։
Պարբերականը հաղորդում է, որ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան 2018-ի հունիսին «արհեստական պայմաններում չղջիկների առողջ աճի և վերարտադրության վերաբերյալ փորձարկումներ իրականացնելու համար» արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել։
Արտոնագրի հայտում, ինչպես հաղորդվում է, քննարկվում է չղջիկներից SARS-CoV-ի մարդկանց և այլ կենդանիներին փոխանցումը։
«Չղջիկները, որոնք բնական կամ արհեստական ճանապարհով վարակվել են վիրուսով, ակնհայտ կլինիկական ախտանիշներ չունեն, և վիրուսի փոխանցման մեխանիզմն անհայտ է»,- ասված է հայտում։
Հաղորդվում է, որ արտոնագիրը տրվել է 2019 թվականի հունվարին՝ կորոնավիրուսի բռնկումից մի քանի ամիս առաջ։
Ուհանի լաբորատորիան վերջին ամիսներին գտնվում է միջազգային կառույցների վերահսկողության ներքո, քանի որ պարբերաբար փորձարկումներ է իրականացրել չղջիկների վրա և գտնվում է Covid-ի բռնկման էպիկենտրոնից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա: