Թուրքիան պետք է մոռանա իր անհեթեթ երազանքները․ ՌԴ–ն պատասխանել է «օսմանյան քարտեզին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը` Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ, անհեթեթ է թվում, Թուրքիայում պետք է մի կողմ դնեն նման երազանքները։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նման հայտարարություն է արել Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը:
Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան «Stratfor» ընկերության կանխատեսումն այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թվականը: Ըստ կանխատեսման` այդ գոտում պետք է հայտնվեն նաև Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի և Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Եգիպտոսն ու Լիբիան։ Այս մասին գրել էր «Военный обозреватель» Telegram–ալիքը՝ եթերից մի կադր հրապարակելով։
«Դա անհեթեթություն է ու գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված է հիշեցնում։ Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ թողնել ռուսական տարածքի մասին երազանքները, այլապես նման մեծ ախորժակը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել»,-ասել է Գեմպելը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմում էր, և քարոզչական ու ֆինանսական ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։
«Այժմ Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է։ Ռուսաստանը Ուկրաինա չէ, նրա հետ նման կուլիսային խաղերը չեն անցնի», - ասել է Գեմպելը։
Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժելու ծրագիր:
Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի մասին։
Փորձագետները դա համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։