Հայաստանում ՌԴ դեսպանը՝ գերիների վերադարձի հարցի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին, նշել է՝ դա ներքաղաքական, Հայաստանի ղեկավարության որոշելու հարցն է: Կոպիրկինը հույս է հայտնել, որ, այդուհանդերձ, ճիշտ որոշում կկայացվի՝ ելնելով նրանից, որ պետության առաջ ոչ այնքան հեշտ խնդիրներ են դրված: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրությանը՝ Կոպիրկինն ասել է, որ դրա գնահատականը միայն հայ ժողովուրդն ու Հայաստանում ապրող մարդիկ պետք է տան: Դեսպանը նշել է նաև, թե ինչ թեմաների մասին են խոսել Հայաստանի նախկին նախագահների հետ:
«Մենք խոսել ենք բոլոր ակտուալ հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են նախորդ տարվա վերջին՝ ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին, քննարկել ենք հումանիտար աջակցության հարցեր: Ինձ հետաքրքիր էր նաև լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:
Մեր քննարկումների առանցքում ռուս-հայկական բարեկամությունն է: Ինչ վերաբերում է հայ գերիների վերադարձին՝ այն նոյեմբերի 9-ի՝ եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է: Չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի, պաշտպանության նախարարները: Այս հարցի լուծումը հնարավոր է՝ չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- ասել է Կոպիրկինը: