Երկրաշարժից հետո պայթյուն եղավ, հոսանքն անջատվեց. Շողակաթի ղեկավարը՝ համայնքի վնասների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 19։37-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Շորժա գյուղից 5կմ հյուսիս-արևելք։
ArmDaily.am-ի հետ զրույցում Շողակաթ համայնքի (կենտրոնը Շորժա) ղեկավար Սուլիկո Շուշանյանը հայտնեց, որ երկրաշարժն ու ցնցումները շատ ուժեղ են զգացել. «Հազիվ կարողացանք դուրս գալ»։
Շուշանյանը նշեց, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարների հետ մշտապես կապի մեջ է. «Որոշ համայնքներում ինչ որ հին շինություններ վնասվել են, բայց ինչ որ լուրջ վնասներ չկան։ Կարևորը բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։
Հոսանք չկար գյուղում, մարդիկ դրանից էին խուճապի մատնվել, երկրաշարժից հետո պայթյուն եղավ հոսանքի հետ կապված, դրա համար լույս չունեինք, բայց արդեն հոսանքն էլ է վերականգնվել»։
Հարցին՝ Ջիլ համայնքում ի՞նչ իրավիճակ է, ֆեյսբուքյան օգտատերերը նշում են, որ վնասներ կան գյուղում՝ համայնքապետը պատասխանեց. «1 րոպե առաջ եմ խոսել վարչական շրջանի ղեկավարի հետ, ասաց, որ ինչ որ թեթև վնասներ կան, բայց որևէ լուրջ բան չկա։ Ջիլ համայնքի դպրոցի շենքը վթարային է, եթե դա չի վնասվել, ուրեմն համայնքում մեծ վնասներ չկան»։
Շուշանյանը նշեց, որ առավոտյան կսկսեն վնասների հաշվարկման աշխատանքները։