Պաշտոնական. Վարդան Մինասյանի մարզչական շտաբը «Տարազում»
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի, Երևանի «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորել է ղազախական «Տարազը», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կարծում եմ՝ կկարողանանք աշխատել միասին: Ցանկանում եմ անհատական հանդիպում անցկացնել յուրաքանչյուր խաղացողի հետ»,- ասել է 47-ամյա մասնագետը, որը ներկայացվել է թիմին: Փետրվարի 2-ին «Տարազը» մեկնել է Թուրքիա, որտեղ կանցկացնի հավաք:
Վարդան Մինասյանի օգնականը կլինի «Փյունիկի» ու Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արթուր Մկրտչյանը: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Սերգեյ Տագիևը, Ալեքսանդր Կուչման, Արսլան Սատուբալդին և Սամատ Նաուրիզբաևը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի նախորդ աշխատավայրն էր «Արարատ-Արմենիան», որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա լքել էր նախորդ մրցաշրջանի վերջում: Ղազախստանում մարզիչը 2014-2015-ը գլխավորել է նաև «Տոբոլը», որը նրա միակ արտասահմանյան ակումբն էր:
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տարազը» 20 տուրերում հավաքել է 23 միավոր և գրավել 8-րդ տեղը: