Մասնագետները ներկայացրել են 8 ախտանշան, որոնք հուշում են շաքարային դիաբետի զարգացման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկրորդ տիպի շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից է, որը դրսևորվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակով։ Այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց ակնհայտ ախտանշանների, ինչի պատճառով էլ մարդիկ այն հայտնաբերում են շատ ուշ, սակայն խնդիրն այն է, որ շաքարային դիաբետը չբուժելու դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք վտանգավոր խանգարումներ։
Այս հիվանդության հետևանքով զարգացող լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակն ու անպայման ուշադրություն դարձնել այդ ցուցանիշի ախտաբանական բարձրացման մասին նախազգուշացնող ախտանշաններին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին հուշող ութ ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը, հենց արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն ու այդ բարձր մակարդակի պահպանումն է նպաստում ներքին օրգաններն ախտահարող ու համապատասխանաբար նաև մի շարք ախտանշաններ առաջացնող բազմաթիվ խանգարումների զարգացմանը։ Բացի այդ, այս վտանգավոր հիվանդության զարգացման դեպքում օրգանիզմը փորձում է ազատվել կուտակված ավելորդ շաքարից, ինչը նույնպես կարող է դրսևորվել որոշակի ախտանշաններով։
Շաքարային դիաբետը կարող է դառնաշ շատ վտանգավոր բարդությունների զարգացման պատճառ, ուստի դրանցից խուսափելու համար մասնագետները հորդորում են անպայման ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշաններին, ինչպիսին են քաշի անբացատրելի տատանումները, ծարավի զգացումը, որը չի հաջողվում հագեցնել անգամ մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում, մաշկային վնասվածքների դանդաղ ապաքինումը, հաճախակի դարձած միզարձակությունը, ոտքերում ու ձեռքերում ծակծկոցի զգացողությունը, անբացատրելի հոգնածությունն ու գլխապտույտը։
Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, այս հիվանդության զարգացման վտանգն առավել բարձր է 40 տարեկանից բարձր մարդկանց, ավելորդ քաշ ունեցողների, ինչպես ժառանգական նախատրամադրվածություն ունեցողների մոտ, ուստի ռիսկային խմբում գտնվողները պետք է շատ ավելի զգոն լինեն ու վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմեն մասնագետին։
Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում շաքարային դիաբետով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: