Իրանի երկակի ստանդարտների քաղաքականությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Երևանում էր Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ում այցը տարածաշրջան առաջին հերթին կարևոր էր իր աշխարհաքաղաքական բնույթով։ Իր Խոսքում Զարիֆն ասել էր․
«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և հարգում ու հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը ՀՀ տարածքային ամբողջականությունն է, որը մենք հստակորեն ասել ենք»։
Հավելենք, որ նա ռեգիոնալ այցով եղել է Բաքվում, Մոսկվայում, Երևանում, լինելու է Թբիլիսիում և Անկարայում: Զարիֆի հայտարարությունը բավականին տարօրինակ է: Մի կողմից այն հասկանալիորեն վերաբերում է թերևս Մեղրիին և դրա հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնությանը, մյուս կողմից՝ Իրանն այդ հայտարարությամբ փաստորեն վերահաստատում է այն, որ հավանության է արժանացրել Արցախի դեմ ադրբեջանական օկուպացիան, մինչև «կարմիր գիծ»:
Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ մենք ունենք ընդհանուր ռեգիոնալ մտահոգություններ: Դրանք վերաբերում են հենց «կարմիր գծի՞ն», թե՞ պատերազմի հետևանքով ռեգիոնում հաստատված ահաբեկիչներին, որոնք թուրքական վերահսկողությամբ մի կողմից Հայաստանի հարավային, մյուս կողմից՝ Իրանի հյուսիսային սահմանին են, դժվար է ասել: Զարիֆի ռեգիոնալ այցն ու հայտարարությունները բավականին հակասական և խորհրդավոր են, ինչը բխում է, իհարկե, Իրանի բարդ վիճակից: Ընդհանուր մտահոգություն իսկապես կա, որովհետև Իրանը Արցախի դեմ պատերազմի, իհարկե, առանցքային թիրախներից մեկն էր, ինչի դեմ Թեհրանը անկարող եղավ անել որևէ բան: Իրանի հյուսիսային սահմանին հարող գոտին հայկական վստահելի վերահսկողությունից անցավ թուրք-ահաբեկչական վերահսկողության տակ, ինչը Իրանին, մեղմ ասած, չի կարող ներշնչել վստահություն:
Ռեգիոնալ խաղաղության համաձայնությունների իրանական ջանքը, անկասկած, բավարար չէ անվտանգային երաշխիք լինելու համար, բայց գնացքն արդեն գնացել է: Ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին, թերևս, ավելի շատ մնում է սպասել, թե ինչպիսի ռեգիոնալ քաղաքականություն է որդեգրելու ամերիկյան նոր վարչակազմը: Իհարկե, մի կողմից սպասել, մյուս կողմից աշխատել այդ քաղաքականության շահեկան տոնայնություն և տրամաբանություն ձևավորելու ուղղությամբ: Այդ իմաստով, Հայաստանն Իրանի համար կարող է լինել այդ աշխատանքի խողովակներից մեկը, և Իրանի արտգործնախարարի Հայաստան այցը, թերևս, այդ տեսանկյունից ամենաառանցքայինն է ռեգիոնալ այցի շրջանակում, համենայն դեպս, իրերի հետպատերազմական դրության պայմաններում:
Անդրանիկ Կիրակոսյան