Պատերազմի ժամանակ ամենից անվտանգ տեղը նախագահական շենքի շուրջն էր. ինչո՞ւ չէր ռմբակոծվել այն, սա հարց է, որի պատասխանը չկա․ Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը. ես այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էի քայլում, որովհետև արդեն երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է այդ շենքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, հայաստանյան մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատերազմի այդ օրերին նախագահական շենքում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ թիմակիցները. «Պատերազմի առաջին օրից այդ նախագահական շենքում իր ամենամոտիկ թիմակիցներն էին նստած, իրար հերթափոխում էին, միշտ մարդ եղել է հենց այդ շենքում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին, վերջը ինքը հայտարարեց, որ Գյանջայի կրակելու հրամանն ինքն է տվել։ Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, և շատ հավանական է, խնայում էին, որովհետև այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է։ Նույնիսկ Ղարաբաղում եղած ժամանակ մարդկանց հետ խոսում, ասում էին՝ էս ի՞նչ էր, որտեղից այս սերը այն շենքերի նկատմամբ, որոնք անցած պատերազմում եղել են հիմնական թիրախներից մեկը»։