Նոր նախագծով Ամանորին ոչ աշխատանքային օրեր կհամարվեն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի հակիրճ բնութագրում նշված է, որ ««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ։
Նախագծով սահմանվում է, որ Ամանոր և Ծննդյան տոներ նշվում են հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) և կլինեն ոչ աշխատանքային օրեր:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։