Շուշի՞, թե՞ Շուշա. լրագրողները պետք է հարցնեն իմքայլականներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊատասխանը իրեն հարգող ցանկացած հայի համար ակնհայտ է: Այստեղ ոչ միայն ազգային արժանապատվության խնդիրն է, այլև սովորական պատմության իմացության:
Եթե դու թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ներդրված գործակալ չես, ու քո նպատակը պատմության խեղումը չէ ի շահ թշնամական պետության, ապա քեզ համար Շուշիի հայկական լինելու թեման փակ է` անկախ հանգամանքից, թե այն հիմա Արցախի կազմում է, թե Ադրբեջանի:
Շուշին ավելի հին է, քան Ադրբեջանը: Նույնիսկ ոզնին դա գիտի: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետն այլ կարծիք ու համոզմունք ունի: Երեկ նա ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ասել է հետևյալը.
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
Այո, պարոն Նիկոլ Փաշինյան, ոչ միայն հիմա ենք ուզում ասել, այլ միշտ ասել ենք ու կասենք:
Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ այլևս կարելի է սպասել: Նախ ստում է վարչապետը` Շուշիում երբեք ադրբեջանցիների տեսակարար կշիռը հայերի համեմատ 90 տոկոս չի եղել: Եվ երկրորդ, եթե իրոք կարծում եք ու կարծում էիք, որ Շուշին ադրբեջանական է, ապա ո՞րն էր տրամաբանությունը Շուշիի համար մարտեր տալ ու զոհել հազարավոր զինվորների: Հայտարարեիր, որ ոչ թե Շուշի է, այլ Շուշա ու առանց զոհերի հանձնեիք քաղաքը:
Լավ, առաջարկում եմ սահմանափակվենք այսքանով: Պրոադրբեջանական և պրոթուրքական քարոզին այլ հոդվածով կանդրադառնանք: Այս պատմության մեջ ինձ ուրիշ հարց է հետաքրքիր, որը պակաս կարևոր չէ: Դա հետևյալն է` արդյոք իմքայլական բոլոր պատգամավորները, նախարարները, մարզպետները և մնացած բարձրաստիճան պաշտոնյաներն են կիսում Փաշինյանի տեսակետը: Սա չափազանց կարևոր դրվագ է, ու հանրությունը պետք է հստակ իմանա, թե այն իշխանությունը, որին ինքը քվեարկել է, համարում է Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական:
Նորից եմ ուզում հիշեցնեմ, որ Շուշին տարիքով մի քանի անգամ մեծ է Ադրբեջան պետությունից: Հիմա, որպես լրագրող և որպես վերլուծաբան, կոչ եմ անում լրատվամիջոցներին, միահամուռ նախաձեռնել մի գործընթաց, առաջնահերթ ցուցակագրել իմքայլական պատգամավորներին և նախարարներին ու բոլորին տալ նույն հարցը` արդյոք կիսում է տվյալ անձը Նիկոլ Փաշինյանի տեսակետը Շուշի քաղաքի հետ կապված: Ոչ մի լղոզված, խուսափողական պատասխան չընդունել, միայն այո, կամ` ոչ:
Կրկնեմ` վերջիվերջո, հայ ժողովուրդը պետք է դուրս գա այս համատարած փսիխոզից ու սթափ նայի իրականությանը, առերեսվի ճշմարտությանը, որը, այո, կլինի ցավոտ, բայց չի կործանի այս փոքր երկիրը: Իսկ ինչո՞ւ ցավոտ, որովհետև շատ դժվար կլինի մարդկանց համար վերջնականապես գիտակցել, որ իրենց կյանքում կատարված ամենաջիգյարով ընտրության արդյունքում, իշխանության բերեցին մի մարդու, ով խորտակեց մեր երազանքները, մեր 2 երկիրը` Արցախն ու Հայաստանը, մարդկանց ճակատագրերը: Ու սա խտացված գույներ չեն, սա իրականություն է: Հայաստանը հիմա հոգեվարքի մեջ է, եթե այսպես շարունակվի, ապա մի քանի ամիս հետո արդեն մեր երկրին պետք կլինի, բժշկական տերմիններով ասած` արհեստական շնչառության սարք միացնել:
Կարևոր մի հանգամանք ևս: Նիկոլ Փաշինյանը հիմա տապանաքար է դնում մեր ապագա դիվանագիտության ջանքերի վրա, որը պիտի, օրինակ, ապացուցի, որ Ադրբեջանը օկուպացրել է Շուշին, կամ Հադրութը, քանի որ դրանք Արցախի սուվերեն տարածքի անբաժան մասն են եղել միշտ: Երեկվանից ադրբեջանական մեդիան Նիկոլ Փաշինյանի մտքերից երջանկությունից ցնցվում է: Ո՞վ լիներ` չցնցվեր:
Կարեն Դանիելյան