Ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նամակ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղից։ Տեղի բնակիչները լրջորեն անհանգստանում են իրենց հետագա ճակատագրի համար։ Ավելի շատ են այնտեղ լուրեր հասնում, թե Տիգրանաշենը ևս պիտի հանձնվի Ադրբեջանին։
Հարց ՀՀ կառավարությանը․ ինչո՞ւ հրապարակային և պաշտոնական հայտարարություն չեք անում, որ գաղտնի պայմանավորվածություն ձեռք չեք բերել Ադրբեջանի հետ Տիգրանաշենի վերաբերյալ։
Ինչո՞ւ չեք ասում, որ թշնամու կողմից մատնանշվող Google քարտեզները չեն կարող հիմք լինել որևէ քննարկման ժամանակ, քանի որ դրանք մասնավոր մոտեցումների արդյունք են։
Ինչո՞ւ չեք հայտարարում, որ ՀՀ մյուս շրջաններին չի սպառնում նույն վիճակը, ինչ եղավ Սյունիքի մարզի դեպքում։ Ինչո՞ւ չեք ասում, որ Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի դեպքում ևս թշնամին 1 կիլոմետր չի խախտի նախկին ԽՍՀՄ սահմանները, ինչպես եղավ Սյունիքի մարզի դեպքում։
Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին, որոնց մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկա օրերին։
Հարգելի ՀՀ կառավարություն, երբ դուք կասկածելի լռում եք, ՀՀ սահմանամերձ շրջանների բնակիչներին այլ ելք չի մնում, քան զենք վերցնել և խրամատ փորել։ Հույս չունենաք, թե հուսալքված մարդիկ կլքեն իրենց տները՝ մտածելով ձեր փոխհատուցումների մասին։ Հայ ժողովուրդը արժանապատվություն ու հայրենասիրություն ունի»: