Ադրբեջաներեն գրությամբ «Կոկա-Կոլա» ՀՀ չի ներմուծվել. ընկերության պաշտոնական պարզաբանումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ իրացման շուկայի համար արտադրվող «Կոկա-Կոլայի» վրա ադրբեջաներեն տեքստ չկա։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում աղմուկ բարձրացրած դեպքին։ Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ընկերության արտադրանքը հայկական շուկայում վաճառվում է ադրբեջաներեն մակնշմամբ։
«Մեր ընկերության կողմից հայաստանյան շուկայում իրացման նպատակով արտադրվող կամ ներմուծվող ցանկացած ապրանքատեսակի փաթեթավորումը անցնում է վերանայման տարբեր փուլեր և խիստ համապատասխանում է ՀՀ և ԵԱՏՄ կիրառելի կարգավորումներին, փաթեթավորման վրա առկա են տվյալ կարգավորումներով պահանջվող լեզուներով սահմանված տեքստեր՝ հայերեն/ռուսերեն։ Որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ, արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային և տեղական պահանջներին»,- նշված է ընկերության պաշտոնական պարզաբանման մեջ։
Ինչ վերաբերում է ադրբեջաներեն մակնշմամբ ըմպելիքներին, ապա ընկերության տեղեկացմամբ՝ այդ ապրանքատեսակը ՀՀ չի ներմուծվել։ Այն հանրապետության տարածքում իրացման համար արտոնված չէ ընկերության կողմից։
Նշենք, որ աղմուկ բարձրացրած արտադրանքին անդրադարձել է Սննդամթերքի անվտանգության տեսչությունը։ ՍԱՏՄ պնդմամբ՝ «աղմկահարույց» «Կոկա-կոլան» ոչ թե արտադրված է Ադրբեջանում, այլ արտադրված է Ադրբեջանի ու Վրաստանի շուկաների համար։
Խնդրին անդրադարձել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մասնավորաբար, նա ասել էր, որ տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական և ադրբեջանական մակնշում, «եղել են բազմաթիվ թուրքական ապրանքներ, և դա այն ժամանակ համարվել է նորմալ»: Նրա խոսքով՝ եթե «հիմա պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա և կդառնա 10 տոկոս»։ Իր կանխատեսումը նախարարը հիմնավորել էր նրանով, որ այդ դեպքում ընկերությունները պետք է փող ծախսեն և դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ: