«Քաղաքական» ֆեյսբուքի ռիսկերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի ներկայիս դե ֆակտո ղեկավար Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին.
«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն»։
Կարող ենք արձանագրել, որ Բալասանյանի այս որոշումը ճիշտ կլինի՝ տարածվի ՀՀ պաշտոնատարների և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վրա, ով ՖԲ իր վերջին գրառումն ըստ ամենայնի արել է հենց Բալասանյանի հարցազրույցի կապակցությամբ, որտեղ նա խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում պատերազմի ու կորուստների մասին:
Ավելին, Փաշինյանին պետք է արգելել ոչ միայն գրառումներ անել, այլև կարդալ գրառումներ, թերթեր, կայքեր: Ըստ էության՝ 2,5 տարի իշխանության լինելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել լրագրողական բարդույթներն ու սովորույթները և պետական կառավարման, որոշումների կայացման հարցերում շատ դեպքերում առաջնորդվում է դրանցով: Ներսից արտահոսքերից պարզվում է, որ շատ որոշումներ նույնիսկ չեղարկվել են ինչ որ հրապարակումներ կարդալուց հետո: Փաստացի սա հասարակական կարծիքին հետևել չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ հոգեբանական կախվածություն ու վախ «էլիտար շրջանակների ներքին խոսակցություններից»:
Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը հենց դրա ամենավառ դրսևորումներից մեկն է՝ Արցախն օկուպացված է, Հայաստանի ինքնիշխանությունից ոչինչ չի մնացել, միևնույն ժամանակ՝ ծառացած ահռելի մարտահրավերների պայմաններում բացվում են նաև լայն հնարավորություններ իրավիճակը շտկելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «էլիտար վեճը նախկինների հետ»: Ի դեպ, հենց նրա բարդույթներով ու վախերով էլ պայմանավորվեց նոր իշխանության ձևավորումն Արցախում, որն ավելի շատ կարկատան էր հիշեցնում, քան քաղաքական ամբողջություն, որն ընդունակ չէր դիմակայել որևէ մարտահրավերի և ի վերջո վերածվեց կոլաբորացիոն խմբակի: Ամփոփելով փաստենք, որ վաղուց արդեն ոչ միայն ներքին «էլիտար շրջանակները», այլև արտաքին ոխերիմ բարեկամներն ու թշնամիներն են օգտագործում այս հանգամանքները Հայաստանի հանդեպ իրենց ծրագրերն անարգել առաջ տանելու համար:
Անդրանիկ Կիրակոսյան