Լեգիտիմ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ մի երկրում, որտեղ այդպիսի միջոցառման համար կարեւորագույն ինստիտուտները խորապես ներգրավված են քաղաքական պայքարում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լեգիտիմ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ մի երկրում, որտեղ այդպիսի միջոցառման համար կարեւորագույն ինստիտուտները` դատարանները, իրավապահ եւ տեղական ինքնակառավարման մարմինները խորապես ներգրավված են քաղաքական պայքարում: Նման պայմաններում դժվար է պատկերացնել, որ այդ պայքարին անմասն կմնան ընտրական հանձնաժողովները: Եւ նույնիսկ քաղաքական իշխանության արդար ընտրություններ անցկացնելու կամքի առկայության պարագայում նշված խնդիրը չի կարող լուծվել:
Մյուս մարտահրավերը`քաղաքական ուժերի նկատմամբ քաղաքացիների ցածր վստահությունն է, ինչը դրսեւորվեց իշխանության եւ ընդիմության ակտիվ մասի կողմից կազմակերպած զանգվածային միջոցառումների նկատմամբ վերաբերմունքում: Իսկ մեր էլեկտորալ ավանդույթները հուշում են, որ, չունենալով հստակ կողմնորոշում եւ համակրանքներ, քվեարկողների բավականին մեծ մասը հակված են նախապատվությունը տալ ընտրակաշառքին:
Ասածս էն ա, որ խորհդակցությունները պետք է, առաջին հերթին, նվիրվեն պետական/հանրային կառավարումը կարգի բերելուն, ներառյալ գործադիր իշխանության արդյունավետությունը ապահովելուն ՄԻՆՉԵՒ ընտրությունները, այլ ոչ թե պատրանքներ տարածել, իբր դա ՀԵՏՈ տեղի կունենա: Ձեր թույլտվությամբ այստեղ չկիսվեմ իմ պատկերացումներով, ինչպես կարելի է դրան հասնել, քանի որ, նախ, արդեն շատ եմ արտահայտվել այս հարցով, գրառման թեման էլ մասամբ տեսական բնույթ ունի` պրակտիկ քայլերին նորից ադրադառնալը տեղին չէր լինի: