Նիկոլի պոպուլիզմն անշրջելի է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՉնայած այն հանգամանքին, որ ժողովրդի մի հատվածը շարունակում է հույսեր կապել և վստահել Նիկոլ Փաշինյանին, եթե անկեղծ հասկանալի չէ, թե հատկապես, որ արարքի համար, այս օրերին ՀՀ տնտեսական շուկայում նկատելի թանկացումների ալիք է տեղի ունենում։ Միմյանց հերթ չտալով՝ թանկանում են մի շարք սպառողական ապրանքներ, իսկ արդեն վերջին մի քանի օրերին շուրջ 25 տոկոսով թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար օգտագործվող գազի սակագինը։ Այս փաստի մասին, չգիտես՝ ինչու, գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում և, կարծես թե, պատկան մարմիններից ոչ մի հոդաբաշխ ու պարզաբանող միտք չի հնչել։
Եթե մտովի հետհայացք գցենք, և հիշենք, թե ինչ ամբոխահաճո տեքստեր էր ասում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա հերթական անգամ կհամոզվենք, որ գործ ունենք շարքային դեմագոգի հետ։ Փաշինյանն իր խորհրդարանական գործունության ընթացքում քանիցս նշել է, որ ՀՀ ներմուծվող գազի գինը հնարավոր է նվազեցնել, գրեթե, կրկնակի, իսկ արդեն 2018-ի մայիսին հրապարակներից կոկորդ էր պատռում, որ իր իշխանության գալուց հետո անելու է ամեն ինչ, որպեսզի հայ սպառողը շոշափելի զգա գազի գնի նվազման տարբերությունը։ Փաշինյանը դեռ այն ժամանակ հայտարարում էր, թե «օրվա իշխանությունները չեն կարողանում պարզ ճակատով նայել և բանակցել ռուս գործընկերների հետ, իսկ ինքը հենց այն մարդն է, ով դա անելու է»։
Ինչևէ, սա ևս մեկ անգամ վերահաստատում է Նիկոլի պոպուլիզմի անշրջելիությունը։ Ըստ էության, նիկոլապաշտ հանրությանն արժե սթափվելու կոչ անել և հիշեցնել, թե ով է այս ամենի իրական մեղավորը, այլապես հնարավոր է, որ հարցի սրման դեպքում Փաշինյանն իր հերթական լայվում պատմի, թե «սա արել են նախկինները՝ իր վարկանիշը գցելու և ռևանշի հասնելու համար»։ Ահա այս աստիճանի է ընկել ու բարոյալքվել հայ ազգը։
Անդրանիկ Կիրակոսյան