Ոչ կոնտակտային ջերմաչափն անարդյունավետ է կորոնավիրուսի սքրինինգի համար. գիտնականներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձր ջերմությունը համարվում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ամենակարեւոր ախտանիշներից մեկը: Սակայն հիվանդության սքրինինգի նպատակով ինֆրակարմիր ոչ կոնտակտային ջերմաչափի միջոցով ջերմաչափումը բացարձակապես անարդյունավետ է, պնդում են գիտնականները Open Forum Infectious Diseases-ում:
Այսօր մարդկանց ջերմությունը ոչ կոնտակտային ջերմաչափերով են չափում օդանավակայաններում, հասարակական միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ շատ հաստատություններում ու հիվանդանոցներում: Գիտնականները, սակայն, այս մեթոդն արդյունավետ չեն համարում:
Մասնագետների խոսքով՝ այսպիսի ջերմաչափերի միջոցով ջերմաչափման արդյունքները վստահություն չեն ներշնչում, քանի որ կախված են բազմաթիվ արտաքին գործոններից. արդյունքները կարող են տարբերվել կախված այն հանգամանքից, թե ջերմությունը մարմնի որ մասով են չափում, շրջապատի ջերմաստիճանից եւ ոչ միայն: Եթե անգամ մարդն իսկապես բարձր ջերմություն ունի, ոչ կոնտակտային ջերմաչափը հնարավոր է դա ցույց չտա:
«Ներքին ջերմության բարձրացում կարող է առաջացնել մաշկի անոթների նեղացումը, ինչը նվազեցնում է ջերմության արտազատումը»,- ասել է հոդվածի համահեղինակ, Ջոն Հոփքինսի համալսարանի Բժշկական դպրոցից Ուիլյամ Ռայթը:
Մասնագետների խոսքով՝ ջերմաչափման ավելի ճշգրիտ մեթոդները, սակայն, չեն համապատասխանում զանգվածային սքրինինգին:
Այդ դեպքում ինչպե՞ս անցկացնել սքրինինգ:
Գիտնականների խոսքով՝ COVID-19-ի սքրինինգի ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր գործոնները, որոնք ոչ կոնտակտային ջերմաչափումը ճշգրիտ չեն դարձնում:
Նրանց խոսքով՝ կարելի էր սքրինինգի համար նվազեցնել ջերմության թիրախային ցուցանիշը (այսինքն՝ դարձնել 38 աստիճանից ցածր): Դա կարող է հատկապես արդիական լինել տարեցների եւ նվազած իմունիտետով մարդկանց սքրինինգի համար:
Սքրինինգի եւս մեկ տարբերակ է խմբակային թեստավորումը: Այս դեպքում խոսքը ջերմաչափման մասին չէ: Մարդկանց խմբից պետք է վերցնել քթաըմպանի քսուք ՊՇՌ թեստի համար, բայց այն հետազոտել ոչ թե առանձին-առանձին, այլ միասին: Բացասական թեստի դեպքում մարդկանց ընտրված ամբողջ խումբը համարվում է չվարակված:
Գիտնականները հեռանկարային մեթոդ են համարում կորոնավիրուսի ախտորոշման համար կոյուղաջրերի հետազոտումը եւ «խելացի» ջերմաչափերի օգտագործումը, որոնք միացված են սմարթֆոնին: