Կարին գյուղում որդին խեղդել է 84-ամյա մորը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԴեկտեմբերի 12-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից շտապօգնության խումբ է մեկնել Արագածոտնի մարզի Կարին գյուղ։ Բուժխումբն արձանագրել է, որ 84-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցեց ոստիկանության Աշտարակի բաժին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնել են օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Իրավապահները տանն արնանման հետքեր են հայտնաբերել։ Արնանման հետքեր են եղել նաև դիակի վրա։ Շուտով հայտնի է դարձել, որ տարեց կնոջը սպանել են։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզներն իրականացրել են օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով այլ իրավապահ կառույցների ծառայողների հետ։
Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թոշակառու կնոջը որդին ծեծել է, ապա խեղդել։
50-ամյա տղամարդը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես և շարժառիթը պարզելու նպատակով։