Անմեղ մեղավորները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄեր իրականությունը տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանատենչությունը փաստելով, հասկանում ենք, որ երբ աթոռը թանկ է, և դրանից բաժանվելու մտադրություն ու ցանկություն չունես, ամենաֆանտաստիկ բացատրությունները կարելի է գտնել՝ արդարացնելու այն վիճակը, որը ստեղծվել է երկրում` քո մեղքով։ Իհարկե, կարելի է ասել, որ հողը ես չեմ հանձնել, այլ՝ նախկին նախագահները, կռիվը հրահրել են հանրապետականներն ու քոչարյանականները՝ իշխանափոխության հիմքեր ստեղծելու համար։ Կարելի է ասել՝ հոյակապ դիվանագիտական աշխատանք ենք տարել այս 2 տարում, եթե համաձայնության չենք եկել, մեղավորը եղել են Մինսկի խմբի համանախագահները, Անջեյ Կասպրշիկը, Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մաքրոնը, Իլհամ Ալիևը, նույնիսկ՝ Դոնալդ Թրամփը։ Բանակը լավ վիճակում չի եղել, և զենքն էլ պատշաճ չի եղել․ դրա մեղավորն էլ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանն են, ծայրահեղ դեպքում՝ Արտակ Դավթյանը։
Ռազմական գործողությունները ճիշտ չեն պլանավորվել, և ստրատեգիան ճիշտ չի ընտրվել՝ մեղավորը Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանն ու Արայիկ Հարությունյանն են, ծայրահեղ դեպքում՝ Աննան, որ չի կարողացել բարոյական ճիշտ աջակցություն ցուցաբերել։ Զինուժը բավարար չէր․ այդտեղ էլ ՀՀ քաղաքական ուժերն ու բիզնեսմեններն են մեղավոր: Զոհերը շա՞տ էին՝ զոհվածներն են մեղավոր, թող լավ պաշտպանվեին։ Սահմանները հստակ չէի՞ն՝ GPS սարքերն են մեղավոր։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նոյեմբերի 10-ից հետո երկրում ստեղծված իրավիճակի մեղավորները երկրաչափական պրոգրեսիայով են աճում՝ 17 կուսակցություններ ու Վազգեն Մանուկյան, նախկին նախագահներ ու վարչապետեր, հոգևորականներ ու մտավորականներ, պաշտոնից զրկվածներ ու պաշտոն ունեցողներ։ Մի խոսքով, բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Անդրանիկ Կիրակոսյան