Գեպոլիտիկ բարդ ժամանակներն ու տարածաշրջանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիթերը, պատասխանելով արցախյան թեմայի վերաբերյալ կոնգրեսականների հարցերին, ասել է.
«Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»:
Ըստ էության, ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ շատ հարցեր ունի ՌԴ միջնորդության, Թուրքիայի դերի կապակցությամբ: Նա նշել է, որ շաբաթավերջին ռեգիոն կայցելեն Մինսկի խմբի համանախագահները, որպեսզի քննարկեն բանակցային գործընթացի վերսկսման հարցը: Վաշինգտոնը փաստորեն հայտարարում է, որ նոյեմբերի 9-ը չի դիտարկում որպես հակամարտության կարգավորում և արձանագրում, որ Ադրբեջանի հաղթանակը չի նշանակում ոչինչ: Մյուս կողմից, սակայն, իսկ ի՞նչ է նշանակում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այդ հայտարարությունը: Որովհետև ԱՄՆ-ն կարող է խոսել, իսկ Ռուսաստանը և Թուրքիան գործում են՝ ստեղծելով նոր իրողություններ: Այս ամենի հետ մեկտեղ տրամբանական է, որ հարց է առաջանում՝ խոսելուց բացի, ԱՄՆ-ն ի՞նչ կարող է անել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ոչ ռազմական լուծումների ուղղությամբ, ինչը պետք է ենթադրի նաև կարգավիճակի հարց, պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքների հարց:
Այն, որ Նահանգները շոշափում է այդ ամենի չկարգավորվածության հանգամանքը և փաստորեն մերժում Ադրբեջանի ռազմական արդյունքը ճանաչել որպես լուծում, դրական է: Մյուս կողմից, սակայն, հարցն այն է, թե ինչ կարող է փոխել ԱՄՆ-ն այդ իրավիճակում: Հետևաբար, առաջանում է հարց՝ ԱՄՆ-ն վերադառնո՞ւմ է գործընթաց, և պատրա՞ստ է մտնել Արցախ, այդ բառի բուն և պատկերավոր իմաստով, որովհետև Ռուսաստանը մտել է ուղիղ իմաստով, իսկ Թուրքիան՝ պատկերավոր, նկատի ունենալով Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Հադրութն ու Շուշին, որը, ըստ էության, նշանակում է Թուրքիայի մուտք: Հակառակ դեպքում, Նահանգների հայտարարությունները, մեծ հավանականությամբ, կարող են ոչ միայն մնալ որպես այդպիսին, այլ նույնիսկ, այսպես ասած, քարոզչական մանիպուլյացիայի հիմք դառնալ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար:
Անդրանիկ Կիրակոսյան