Դիրքավորվելով որպես աղքատ բարեկամ, պետք է բավարարվեինք մեզ բաժին հասած փշրանքներով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրկար տարիներ աղքատ բարեկամի քաղաքականություն վարելով՝ Հայաստանը չէր կարող ունենալ 5-րդ սենդի գերհագեցած ռազմական տեխնիկայով զինված բանակ, որն ունակ կլիներ 5-րդ սերնսի պատերազմ վարել թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի դեմ: Ու թեև մենք ունենք մարտունակ զինվորներ, սակայն, այդպես էլ չենք կարողացել ուժեղ պետության իմիջ ձևավորել, քանի որ շարունակել ենք ինքներս մեզ դիրքավորվել որպես աղքատ բարեկամի՝ հիմնական ուշադրությունը սևեռելով, թե ո՞ր երկիրն ինչքա՞ն գումար կնվիրաբերի:
Երկար տարիներ մեր դիվանագիտությունը կառուցված է եղել դրսից ներդրումներ ներգրավելու տեսլականի վրա և շարունակելով դիրքավորվել որպես աղքատ պետություն, պատրաստ ենք եղել մի քանի կոպեկի դիմաց մինչև վերջին շապիկն օտարին տալ, առանց մտածելու վաղվա օրվա և ապագայի մասին: Տարված՝ եղածը վաճառելու մարմաջով, անգամ չենք էլ մտածել սեփական երկրի անվտանգության մասին և առանց երկար-բարակ մտածելու անհայտ ծագում ունեցող ներդրողներին հրավիրել ենք մեր երկրի սեփականության սեփականատերը դառնալ:
Դեռևս չկա որևէ համապարփակ վերլուծություն, թե անցած 30 տարիների ընթացքում պետական տարբեր ծրագրերի շրջանակներում դրամաշնորհների տեսքով ինչքան գումար է տրամադրվել Հայաստանին և այդ գումարներով ինչ ավելացած արժեք է ստեղծվել երկրի զարգացման համար: Չկա նաև որևէ ուսումնասիրություն, թե երկիր մուտք գործած գումարներով կիսապատերազմական իրավիճակում գտնվելով Հայաստանն ինչ ռազմավարական ծրագրեր է մշակել ու կյանքի կոչվել: Բացի այդ, Հայաստանի ընդերքն ու եղած ռեսուրսները վաճառելուց բացի իրականում ո՞րն է եղել երկրի տնտեսության զարգացման ռազմավարական հեռանկարը:
Եվ այս պայմաններում խոսել 21-րդ դարին հարիր զարգացող պետություն ունենալու մասին, ուղղակի զավեշտալի է, քանի որ մենք երկար տարիներ դիրքավորվելով որպես աղքատ բարեկամ, պետք է հասկանայինք, որ չունենք խոսելու իրավունք և ընդամենը պետք է բավարարվենք մեզ բաժին հասած փշրանքները ճաշակելով:
Արմինե Գրիգորյան