Մասնագետը հայտնել է COVID-19-ի դեմ պայքարը բարդացնող խնդրի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտոնագրման ժամանակակից համակարգը թույլ չի տալիս շուկա դուրս բերել պարզ դեղամիջոցներ, որոնք կկարողանային օգնել կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժմանը եւ պացիենտների վերականգնման դեպքում: Սա զգալիորեն բարդացնում է COVID-19-ի դեմ պայքարը: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան:
«Կա պարզ մոլեկուլ, որն առկա է մեր օրգանիզմում եւ մեզ անհրաժեշտ է ընդամենը փոքր-ինչ ավելին ստանալ, թվում է՝ տարրական խնդիր է, բայց այդպիսի դեղ չեն մշակի: Որովհետեւ այն չի կարելի արտոնագրել»,- ասել է նա:
Մասնագետի խոսքով՝ սա արտոնագրման ընդհանուր համակարգի տրամաբանական շարունակություն է, որը մտցվել է մարդուն հնարավոր վնաս հասցնող դեղերի շուկայում հայտնվելու դեպքերն արմատախիլ անելու անհրաժեշտությունից դրդված: Սակայն ներկայումս այս համակարգը «ճգնաժամի մեջ է հայտնվել»:
Բարանովայի խոսքով՝ արտոնագրման համակարգը պարտավորեցնում է անցկացնել դեղերի կլինիկական փորձարկումների մի քանի փուլեր, բայց դա հանգեցնում է այդ դեղերի գնի աճին: Արդյունքում՝ դեղագործական ընկերություններին ձեռնտու չէ էժան դեղերի թողարկումը: Դրանից բացի, արտադրության մեջ չեն հայտնվում այն դեղամիջոցները, որոնց աշխատանքի սխեման գիտնականները քննարկել են բաց մամուլում, քանի որ այդ դեպքում արդեն չի կարելի միջոցը պաշտպանել արտոնագրով: