Այս պահին առաջնայինը երկրի, ազգի փրկության հարցն է. Կարինե Նալչաջյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոգեբան Կարինե Նալչաջյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով կադրային դեֆիցիտին նշեց, որ էլիտաները ձևավորվում են ճգնաժամային իրավիճակներում: Ուստի նա չի կիսում տեսակետը, թե Հայաստանում որակյալ մասնագետներ չկան: Նման տեսակետները շրջանառության մեջ դնելով՝ փորձում են քողարկել պրոֆեսիոնալիզմի նկատմամբ թշնամական վերաբերմունքը, որը ձևավորվել է վերջին տարիներին:
«Տարիներ շարունակ մեր ժողովրդի կրթական, գեղագիտական մակարդակը կամաց-կամաց անկում է ապրել: Դրան նպաստել է նաև հեռուստատեսությամբ հեռարձակվող նյութերը, որի մասին «հեռուստատեսային աղբ» հասկացությունը ձևավորվեց: Եվ ինչքան անգրագետ է ժողովուրդը, այնքան դառնում է զգայուն թշնական պրոպագանդայի նկատմամբ: Խորհրդային Միության փլուզումը ևս գլոբալիստական մի մեծ ծրագիր էր, որի ենթածրագրերը սկսեցին իրականացնել առանձին հանրապետություններում: Բայց, քանի որ այն ժամանակ ազգային համախմբում կար, կարողացանք մեր լավագույն հայրենակիցների ու կազմակերպչական մտքի շնորհիվ կորստյալ հայրենիքի մի հատվածի հարցը լուծել: Ես երկուսուկես տարի է ասում եմ, որ այն ինչ ունենք, դա գլոբալիզմն է, ուլտրալիբերալիզմն է, գործակալական ցանցն է և չի կարելի ամեն ինչ կուլ տալ և այս ամենից օր առաջ պետք է ձերբազատվել»,- ասաց Կ. Նալչաջյանը:
Հոգեբանի կարծիքով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է մեր գիտակ մասնագետների կոլեկտիվ մտքի հետևից գնալ: Մարդիկ, որոնք անկախ կուսակցական պատկանելությունից կարող են ծառայել մեր հայրենիքին:
«Մենք ունենք մարդիկ, որոնք իրենց սրտում հայրենիք ունեն, չեն ծառայում օտար՝ Աստված գիտի ինչ ուժերին և գրպանի պաշտանմունք չունեն: Սա այն պահն է, երբ խեղդվողին փրկել է պետք: Այսօրվա դրությամբ մենք կորցրել ենք մեր անվտանգությունը և այնպիսի հարված հասցվեց մեր արժանապատվությանը, որ վերականգնելու համար ժամանակ է հարկավոր: Ցավոք, մենք իջել ենք այն մակարդակի, որ սկսել ենք ինքնախարազմանմամբ զբաղվել: Ցավոք, համացանցը մի տիրույթ է, որտեղ ով ինչ ուզում գրում է: Որտեղ, ի դեպ, թշնամական պրոպագանդան դեռևս շարունակվում է: Հիմա սկսել են հակաարցախյան և հակառուսական տրամադրություններ տարածել, բացի այդ սկսել են տարածել լավ ադրբեջանցու, թուրքի պրոպագանդա: Այսինքն՝ մեզ շարունակում են կործանել մինչև արյան վերջին կաթիլը: Խնդիրն այն է, որ մարդիկ ինքնամոռաց հեղափոխություն անելուց հետո ներկայում հիասթափել են և սկսել են զգուշանալ: Հույս ունեմ, որ այս հարվածից շատերը շուտ կսթափվեն և կսկսեն հավատալ մարդկանց, մասնագետներին, քանի որ իմ կարծիքով այս պահին Հայաստանում քաղաքական պայքար չկա: Այս պահին առաջնայինը երկրի, ազգի փրկության հարցն է և մեր առաջնային խնդիրը պետք է լինի այն մարդկանցն աջակցելը, ովքեր ինտելեկտուալ բազա ունեն, գործից հասկանում են և կարող են կոլեկտիվ մտքով երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,- ասաց Կ.Նալչաջյանը:
Արմինե Գրիգորյան