ԼՂ հարցով բոլոր պարտավորությունները լիովին կատարվում են. Սերգեյ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված եռակողմ համաձայնության կենսունակությունը ամեն օր հաստատվում է, տարածաշրջանում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է: Այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Պայմանավորվածության կենսունակությունը ամեն օր հաստատվում է: Հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է»,- Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրված բոլոր պարտավորությունները կատարվում են:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ «ռուս խաղաղապահներն ակտիվորեն և հնարավորինս սեղմ ժամկետում իրականացրել են համապատասխան գործողությունը, սերտորեն համագործակցում են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական համայնքների հետ և օգնում են լուծել հումանիտար խնդիրները»: