Պետությունը հասարակական կազմակերպություն չէ, բազում ռեսուրսներ ունի, որոնք կարող էր օգտագործել. Էդգար Էլբակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանագետ Էդգար Էլբակյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ փորձ է արվում պարտության մեղքը բարդել բանակի ու զինվորի վրա, որը ստորագույն քայլ է:
«Նման պարտություն կարող էր լինել բոլոր ղեկավարների օրոք, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է ասվում՝ ջոկատները չեն գնացել կռվելու: Վերջին անգամ մենք 90-ական թվականներին ենք ջոկատներով կռվել: Այդ դեպքում պետության մոբիլիզացիոն պլանն ինչի՞ համար է: Իշխանությունները պետք է այդ ամեն ինչը կազմակերպեին, ինչպես դա անում էին 90-ական թվականներին: Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մեկը կարո՞ղ է բացատրել, այդ դեպքում «Բայրաքթարներն» ինչպե՞ս էին ընկնում տարբեր, այդ թվում՝ մեր տարածքներում: Ինձ համար հասկանալի չէ, թե ում ենք դասալիք համարելու:
Զինկոմիսարիատների մոտ պետք է հերթեր գոյանային, բայց՝ այդպես չէր: Պետությունը հասարակական կազմակերպություն չէ, բազում ռեսուրսներ ունի, որոնք կարող էր օգտագործել: Բոլորն էլ գիտեին, որ մի օր պատերազմ է լինելու, բայց այդ ամենին պետք էր ավելի լավ պատրաստվել, որպեսզի նման արդյունք չլիներ: Այս ամենից հետո արդեն կարևոր չէ քանի կուսակցություն է համախմբվել, ինչ է պահանջում, քանի որ այն ինչ չպետք է լիներ, եղավ, որը շատ ցավալի էր»,- ասաց Է. Էլբակյանը:
Արմինե Գրիգորյան