Այդ հայտնի փաստաթուղթն իրականում ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՎԻԴԵՈԻնձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին: Իրականում, թող զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է: Այդ փաստաթուղթը ստորագրվել է այն ժամանակ, երբ ընկած էր Շուշին և երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, այս կարծիքը կիսում էր նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը:
Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատերազմի և իրեն ուղղված մեղադրանքների մասին:
«Եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության, Ստեփանակերտը անպաշտպան էր, Ասկերանը անպաշտպան էր, Մարտունիում պաշտպանությունը շատ անկայուն էր, և Արայիկ Հարությունյանի, Գլխավոր շտաբի գնահատմամբ՝ շատ մեծ էր հավանականությունը, որ եթե պատերազմը չկանգնեցնեինք, այն կա՛մ Ասկերանով, կա՛մ Մարտունիով, նույնիսկ 6-7-րդ պաշտպանական շրջաններով կարող էին հայտնվել շրջափակման մեջ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այս պարագայում հազարավոր զինվորների կյանքեր կհայտնվեին վտանգի տակ՝ զրկվելով որևէ հեռանկարից: «Սա է պատճառը, որ կայացվել է այս չափազանց ցավալի որոշումը: Պատահական չէ, որ բազմաթիվ զինվորներ առաջնագծից ուղերձներ են հղում՝ պաշտպանելով կայացված որոշումը, սա նրանից է, որ նրանք գիտեն գնահատականը, գիտեն իրավիճակը»:
Ըստ Փաշինյանի՝ պարտության մեջ դավաճանության և դավադրության վարկած կա, որ հրապարակային շատ խոստումներ եղան, սակայն դրանք կյանքի չկոչվեցին:
Նա նշեց, որ Շուշիի անկումից հետո այն վերադարձնելու երկու փորձ է արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուս ջոկատին հաջողվել է ներս մտնել Շուշի և ամբողջ հակասությունները կապվում էին հենց սրա հետ: Փաշինյանը շեշտեց, որ սխալ է նաև այն շրջանառվող թեման, թե նա կողմ չի եղել ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը և համաձայնվել է այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։