Ադրբեջանի հրետանային մարտկոցներից մեկը Ասքիպարա գյուղի տներից մեկից տեղակայված է ընդամենը շուրջ 50մ հեռավորության վրա. Razm.info
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին: Այս մասին գրառում է կատարել Razm.info կայքը:
Հոկտեբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ որում դիրքերը փորվել են համեմատաբար վերջին ժամանակաշրջանում: Հրետանային մարտկոցներից մեկը Ասքիպարա գյուղի տներից մեկից տեղակայված է ընդամենը շուրջ 50մ հեռավորության վրա:
Ըստ էության այս դեպքում ևս սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը՝ բնակչությանը դարձնելով վահան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։