«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը միացել է նաև ՊԵԿ-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի սանձազերծումից հետո, Հայաստանում մի շարք նախաձեռնություններ կյանքի կոչվեցին: Մի խումբ երիտասարդների ջանքերով սկսվեց նաև «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը, որն իր գործունեության չորս շաբաթների ընթացքում հասցրել է վերամշակման ուղարկել մոտ 30 տոննա թղթի թափոն: Միայն մեկ օրում նախաձեռնության կողմից վերամշակման է ուղարկվել մոտ 4050 կիլոգրամ թղթի թափոն, որի վաճառքից գոյացած գումարը կազմել է 198 հազար դրամ։
Դրան զուգահեռ իրականացնում են նաև գրքերի վաճառք, որից ստացված գումարը կազմել է 33 հազար դրամ։ Նշենք նաև, որ ստացված ողջ գումարը խումբը փոխանցում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամաբ արդեն փոխանցվել է 1 մլն 400 հազար դամից ավելի գումար: Նախաձեռնության կազմակերպիչ Արթուր Օհանյանի տեղեկացմամբ նախաձեռնությանը միացողների թիվը օր-օրի ավելանում է, միացել են նաև պետական կառույցներ, այդ թվում՝ ՊԵԿ-ը, որտեղից արդեն նախաձեռնությանն է ուղարկվել թղթի թափոնի առաջին խմբաքանակը:
Ի դեպ, եղանակային պայմանների փոփոխության պատճառով խմբի անդամներն իրենց գործունեությունը մայրաքաղաքում կշարունակեն Սարյան 29 հասցեում: Նշենք նաև, որ հանրապետության ողջ տարածքում գործում է թղթի ընդունման 20-ից ավելի կետ:
Արմինե Գրիգորյան
www.1or.am