«Աշխարհին հետաքրքրում է ոչ թե Ղարաբաղը, այլ փողը. ինչպես են ապրում կրակոցների տակ». «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է Անտոն Լիսիցինի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Հոդվածում մասնավորապես հիշեցվում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խախտվել է հրադադարի չորրորդ համաձայնագիրը:
Հոդվածում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության պետական տեսուչ Ռուբեն Օսիպովի և լուսավորության փոխնախարար Միխայիլ Համբարձումյանի երկխոսությունը: Օսիպովը խոսում է իրավիճակի մասին, կարծես թե գրականության բաց դաս է տալիս՝ լավ փոխանցված ձայնով և հմուտ ինտոնացիայով:
«Տեսնում եք, որ այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ես օրագրում գրել եմ. «Անիծյալ պատերազմ», - նա ցույց է տալիս սեղանի վրա դրված օրացույցը: Պատուհանից դուրս լսվում են ռմբակոծություններ. Ղարաբաղի ՀՕՊ-ը պայքարում է Ստեփանակերտի երկնքի համար:
Օսիպովը, երբ նշում է, որ իր աշակերտներն առաջնագծում են, ձայնը կտրվում է: Համբարձումյանը նրան ուշադիր լսում է և խախտում մենախոսությունը` թեմա բացելով աշխարհի արձագանքի մասին:
«Երբեմն զարմանում եմ ձեզ վրա, Ռուբեն Ալեքսանդրովիչ: Աշխարհը թքած ունի, Ղարաբաղը աշխարհին հետաքրքիր չէ: Աշխարհը հետաքրքրված է փողով, բայց մենք փող չունենք», - կտրուկ ընդհատում է նա իր գործընկերոջը:
Համբարձումյանի որդին առաջնագծում է:
Օսիպովը նոր հիմնավորում է բերում. «Ահա մի տարեց կին շրջում է քաղաքում: Եթե նա ռմբակոծության տակ ընկնի, ինչ-որ մեկը դրանից օգուտ կունենա՞»:
«Կունենա,-սառնասրտորեն պատասխանում է Համբարձումյանը,-ինչ-որ մեկը ավելի շատ գումար կաշխատի զենքի վաճառքից»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։