Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանից 3 հանգամանք առանձնացրեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց երեք հանգամանք, որոնց շնորհիվ հակառակորդը չի կարողանում առաջ անցնել և, կրելով մեծ կորուստներ, հետ է շպրտվում։
«Նախ` հակառակորդը հստակորեն կորցրել է քանակական ու տեխնոլոգիական առավելությունները։ Երկրորդ` չի կարողանում հաղթահարել լեռնային տեղանքները` ի տարբերություն դաշտայինների։ Երրորդ հանգամանքը հայկական բանակի հմտությունների կատարելագործումը և փորձն է։ Վստահ եղեք` հաղթելու ենք», – ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցչի խոսքով` պատերազմն այլևս նույն ուժգնությամբ, բարդությամբ և արագությամբ չէ, ինչպես առաջին օրերին։
«Հիմնականում մարտեր են լեռներում, անտառներում, կիրճերում։ Այսօր չեզոքացվել են թշնամական մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախել են` թողնելով զինտեխնիկա։ Նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։