«Հռոմի պապից ավելի կաթոլիկները». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմն ու ռազմական դրությունն իրենց կանոններն ունեն, ու դրանց պետք է ենթարկվեն բոլորը: Եթե այս կամ այն բանը անել չի կարելի, ուրեմն չի կարելի: Եթե նույնիսկ քննադատել չի կարելի, ուրեմն չի կարելի: Ու եթե նույնիսկ վստահ ես, որ ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, օրենքի առջև հավասար են բոլորը: Սակայն շատ ավելի լավ կլինի, որ իսկապես բոլորը հավասար լինեն, այլ ոչ առանձին դեպքերում հայտնվեն «լռության» առիթն օգտագործողներ: Ընդ որում, կարևոր չէ՝ այդ առիթը բարձր քաղաքացիականությո՞ւնն է, օրենքին ենթարկվելու պատրաստակամությո՞ւնը, թե՞ «տուգանվելու փող չկա»-ն: Եթե խոսում ենք միասնականության մասին, միակամության մասին, ուրեմն այդպես պիտի լինի բոլորի համար: Ասենք՝ ի՞նչ գնահատական կարելի է տալ առանձին շրջանակների առանձին անհատների, որոնք կարծում են, որ այս կամ այն ուժի, այս կամ այն անհատի հետ միասնական լինելու «չունեն»:
Պարզ է, որ սլաքները հիմնականում ուղղված են ընդդիմադիրներին: Ուշագրավ է, որ գերակշիռ մեծամասնությամբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց արժանապատիվ են պահում: Բայց արի ու տես, որ կան «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»-ներ, որոնք նույնիսկ այս օրերին շարունակաբար ներքին թշնամիներ են փնտրում, սպառնալիքներ են հնչեցնում՝ տեսեք, թե պատերազմից հետո ինչ ենք անելու, կարող են ամեն ինչ թողած՝ ողջ օրը քննարկել մի երկրորդական, երրորդական, տասներորդական հարց, ու ամեն ինչում դավադրություն տեսնել, ամեն մի գրառման ներքո «թեգել» ԱԱԾին կամ ոստիկանությանը: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ու ցավալի է, որ գրեթե ամեն համարում ստիպված ենք գրել՝ պարզապես լրջանալ ու սթափվել է պետք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում