Արցախցի կանայք պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի կանանց նախաձեռնող խումբը միջազգային համայնքից պահանջում է դադարեցնել ցեղասպանությունն Արցախում և ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է խմբի ներկայացուցիչ Լիանա Ադամյանը: Հոդվածը վերցրել ենք «Sputnik Армения»-ից:
Նա պատմել է, որ մի քանի տարի առաջ Արցախի գյուղերից մեկում հանդիպել է 114-ամյա բնակչուհու, ով անգամ իր ծննդյան օրը չէր հիշում, սակայն շատ լավ հիշում էր հոր՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանի և որդու՝ Արցախի առաջին պատերազմի մասնակցի պատմությունները: Ադամյանը համոզված է, որ այդ կնոջ թոռը հիմա կռվում է առաջնագծում և պաշտպանում է հայրենիքը:
-Արցախցի կանանց անհնար է կոտրել: Իմ մանկությունն անցել է նկուղներում: Մենք ձյուն էինք հավաքում, որ հալեցնեինք և ջուր խմեինք: Յուրաքանչյուր ընտանիքում բազմաթիվ կորուստներ, անհայտ կորածներ և փլուզված ճակատագրեր կան: Սակայն մենք թողել ենք զայրույթը և խոսում ենք խաղաղության լեզվով: Արցախում ապրում են մարդիկ, ովքեր խաղաղություն են ցանկանում և թշնամուն խաղաղություն կստիպեն, - ընդգծել է Ադամյանը:
Խմբի համակարգող Սիրանուշ Սարգսյանը նշել է, որ ադրբեջանական և թուրքական ագրեսիան զսպելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Նա կարևոր է համարում Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը: Միևնույն ժամանակ, Սարգսյանը հույս է հայտնել, որ տարբեր երկրներում քաղաքական խորհուրդների մակարդակում սկսված ԼՂՀ ճանաչման գործընթացը կտեղափոխվի կառավարական մակարդակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը