«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հանդեպ անարգանք է»․ Սերժ Թանկյան
ՖՈՏՈԱդրբեջանի կողմից հրադադարի խախտումը անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, Twitter-ի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։
Ամերկահայ երաժիշտը վերահրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին գրառումը՝ գրելով․ «Հավանաբար, Ադրբեջանը և Թուրքիան չեն կարողանում հրադադար պահպանել։ Դա անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ։ Ժամանակն է լավ դաս սովորեցնել այդ անպետք բռնակալներին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։