«Ննջեցյալը» վերակենդանացել է 20 ժամ սառցարանում պառկելուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկական Տամիլնադ նահանգի Կանդեմպատի գյուղում «ննջեցյալը» սառցարանում 20 ժամ պառկելուց հետո վերակենդանացել է: Այս մասին հաղորդել է «Daily Mail»-ը:
74-ամյա Բալասուբրամանիան Կումարը ծանր հիվանդության պատճառով գամված է եղել անկողնուն: Հոկտեմբերի 12-ին նա դադարել է ցույց տալ կյանքի նշաններ, և հարազատները կարծել են, թե նա մահացել է: Տեղական սովորույթներին հետևելով՝ կրոնական ծիսակատարությունից առաջ ընտանիքը նրա մարմինը տեղավորել է ապակե դագաղ-սառցարանում: Հաջորդ օրը մասնագետը գնացել է սառցարանը տանելու և նկատել է դիակի շարժումը:
Աշխատակիցը Կումարի եղբորը հարցրել է, թե նա ինչպես կմեկնաբանի դիակի ձեռքի շարժումը: Վերջինս պատասխանել է, որ դրանք կա՛մ բնական ցնցումներ են, կա՛մ հանգուցյալի հոգին դեռ մարմնի մեջ է: Մասնագետը ոստիկանություն է կանչել:
Իշխանությունները հետաքննություն են վարում և փորձում են պարզել՝ ինչու Կումարի ընտանիքը բժիշկ չի կանչել և ինքնուրույն է հաստատել նրա մահը: Հարազատներին դատում են անզգուշության պատճառով կատարած հանցագործության համար, որը վտանգի տակ է դրել մարդկային կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը