Միջպետական ավիացիոն կոմիտեն առաջարկում է միջոցառումներ ձեռնարկել ՀՕՊ-ի կողմից քաղաքացիական ինքնաթիռների խոցումը կանխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ), Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին, առաջարկում է միջոցառումներ ձեռնարկել ՀՕՊ-ի կողմից քաղաքացիական ինքնաթիռների խոցումը կանխելու համար և ավիաընկերություններին խնդրում է գնահատել ռիսկերը: Նյութը վերցրել ենք ռուսական «РИА Новости» կայքից:
«ՄԱԿ-ն առաջարկում է հնարավորինս արագ մի շարք միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված միջազգային իրավունքի անվերապահ կատարմանն ու ՀՕՊ-ի կողմից քաղաքացիական ինքնաթիռների, ինչպես նաև հակամարտության գոտում գտնվող հրթիռներով և ոչնչացման այլ միջոցներով քաղաքացիական օբյեկտների և օդանավակայանների խոցման լիակատար կանխարգելմանը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում գտնվող սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը», - նշված է կոմիտեի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ն Օդային երթևեկության հսկողությանը և քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիայի ծառայությունների մատակարարներին առաջարկում է ծանուցումներ տալով՝ զինված ուժերի հետ կոորդինացիա և փոխգործողություն ապահովել՝ միջազգային թռիչքային գոտիներում անվտանգությունն ապահովելու համար:
Բացի այդ, ՄԱԿ-ն առաջարկում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) շրջանակներում, հետաքրքրված պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծել մշտապես գործող մարմին՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներին սպառնացող կոնֆլիկտային իրավիճակներին արագ արձագանքելու, ՔԱՄԿ-ի՝ թռիչքների և, առհասարակ, ավիացիոն անվտանգությանը վերաբերող առաջարկությունների և որոշումների իրագործման վերահսկողության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը