Պետք է օգտվել միայն ստուգված լրատվամիջոցներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am կայքի զրուցակիցը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է։
- Պարոն Մարտիրոսյան, պատերազմի շրջանում թեպետ ռազմական դրության որոշմամբ ու օրենսդրական փոփոխություններով տուգանքներ են սահմանված արգելված հրապարակումների համար, բայց ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում մեծ տարածում ունի։ Առհասարակ այս ընթացքում ինչպե՞ս պետք է պայքարենք ապատեղեկատվության դեմ։
— Պայքարելու միակ ձևը այն է, որ պարզապես պետք է օգտվել միայն ստուգված աղբյուրներից, որովհետև միջին վիճակագրական քաղաքացին վարժված չի ստուգելու աղբյուրները։ Ստուգելը մի քիչ բարդ գործընթաց է, հատկապես հիմա, երբ որ հատկապես այս շրջանում շատ արագ է պետք այդ ամենը անել, քանի որ տեղեկատվությունը օպերատիվ է փոխվում, և միակ լուծումը երևի թե հետևելն է միայն ստուգված լրատվամիջոցներին, հայտնի քաղաքագետներին, ռազմական փորձագետներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր այս ընթացքում փոխանցում են միայն ստուգված տեղեկատվություն, օրինակ, խոսնակները, հայտնի լրագրողները, ՊՆ ներկայացուցիչները և այլն։ Այսօր միակ լուծումը դա է։
- Հասարակության շրջանում կան քննարկումներ և տեսակետներ, որ սոցիալական ցանցերը գոնե այս փուլում պետք է որոշ չափով փակվեն։ Ի՞նչ եք կարծում, սա արդյոք հարցի լուծում է։
— Փակելը հարցի լուծում չի, որովհետև վերջիվերջո կան շրջանցելու ձևեր։ Օրինակ եթե հենց հիմա նայեք, թե այս փուլում Ադրբեջանում մարդիկ ամենաշատը ինչ ծրագրեր են ներբեռնում հեռախոսներով, ապա կտեսնեք, որ կան ծրագրեր, որոնցով կարելի է շրջանցել այդ արգելափակումները։
Սոնա Գիշյան