Վարչապետի՝ «ոչխար պահելու» հորդորը տեղ է հասել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարզվում է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ոչխար պահելու» և դրանով հարստանալու հորդորները տեղ են հասել: Ավելին, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով: Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, որն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 3,4 միլիոն դոլար: Ստացվում է, որ ձեռքերը ծալած նստելու և ամեն ինչից բողոքելու փոխարեն, որոշ գյուղատնտեսներ գործի են անցել, հարստացել են ու հարստացրել են երկիրը:
Վարչապետ Փաշինյանի դիտարկմամբ` ոչխարաբուծությունը գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է համարվում, և կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բարդությունների ֆոնին կան նաև տնտեսական լավ լուրեր։
«Այս աճն ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին: Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն», -գրել է վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է, որ այս ուղղությունը զարգանա: Նշենք նաև, որ Հայաստանից ոչխար է արտահանվում Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ։
Գայանե Լալայան