Լիսկան ու ֆեյսբուքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐShame.am-ը գրում է․
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի հաշտվում իր պաշտոնաթողության մտքի հետ: Այդ ծանր հարվածն այնպես է ազդել նրա վրա, որ լիովին կորցրել է իրականության զգացողությունը և սկսել է ցավը մեղմելու համար օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք հազիվ թե երբևէ նրան վերադարձնեն բաղձալի աթոռը: Օրինակ, Լիսկան որոշել է, որ ապագայի ճանապարհը հարթելու համար այս պահին չկա ավելի հարմար եղանակ, քան համացանցային պատերազմն է: Եվ այդ նպատակի համար ճակատային գիծ է ուղարկում ամենահավատարիմներին:
Սկզբում նա կրակի բերան ուղարկեց դստերը՝ Սվետլանա Խաչատրյանին: Սա մի զայրալից գրառում արեց, հետո հրաժարվեց դրանից, բայց հարցն այդքանով չավարտվեց: Այնուհետև ֆեյսբուքյան հարթության վրա հայտնվեց Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետայի դժգոհ գրառումը: Դա էլ քիչ էր: Իսկ հիմա էլ առաջնագիծ է դուրս եկել նախկին մարզպետի օգնականը և սկսել է փնովել նորին՝ Վահե Հակոբյանին:
Օգնականի գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ Հակոբյանը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրեն եղած ժամանակ լավ չի աշխատել՝ ավելի ճիշտ «փչացրել» է կոմբինատը: Եթե մինչ Հակոբյանի նշանակումը վերը նշված գործարանը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, ապա Հակոբյանի կառավարման տարիներին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը: Սուրիկ Խաչատրյանի համակիրները համաձայն չեն տարածված տեսակետի հետ, թե միջազգային շուկայում մոլիբդենի գինը նվազել է:
Նրանք այս պնդմանը բերում են մեկ այլ հակափաստարկ. Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի տնօրենը Վալերիկ Մեջլումյանն է, շուկա է հանել 3 անգամ ավելի քիչ արտադրանք, բայց խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Ըստ Սյունիքի նախկին մարզպետի կողմնակիցների՝ շուրջ 3 տասնյակ կազմակերպություններ, որոնք համագործակցում էին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետ, Վահե Հակոբյանի կառավարման տարիներին փակվել են:
Փաստերն, ինչ խոսք, զորեղ բաներ են: Միայն թե հայտնի չէ՝ Սուրիկ Խաչատրյանն այդ մասին ինչու՞ չէր բարձրաձայնում իր պաշտոնավարման օրոք, եթե այդքան մտահոգված էր նահանջով, և հիմա ի՞նչ է ակնկալում:
Մի՞թե իրոք հավատում է, որ այս տվյալների հրապարակումնից հետո Վահե Հակոբյանին բանտ կուղարկեն, իսկ իրեն էլ կվերադարձնեն մարզպետի աթոռը: Երևի համատում է, քանի որ այս օրերին նրա այլ համակիրներ նույն Ֆեյսբուքում գրառումներ են անում, որ Լիսկան հաստատ մի օր կվերադառնա: Միայն թե վերադարձի օրը չեն նշում: Երևի թաքուն են պահում, որ անակնկալը մեծ լինի: