Տեսչական մարմնին կհաջողվի՞ գտնել մեթանոլ պարունակող սպիրտով ալկոգել արտադրող ընկերություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն, որ տեսչական մարմինները սկսում են ողբերգական դեպքեր գրանցվելուց հինգ րոպե հետո ակտիվ աշխատել՝ գաղտնիք չէ: Այսինքն, ապօրինությունները կանխելու նպատակ հետապնդող կառույցներին դեռևս չի հաջողվում ժամանակին պատշաճ ուսումնասիրություն իրականացնել և կանխել ողբերգական դեպքերի հանգեցնող պատճառները: Զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններին մինչ օրս չի հաջողվում այսքան փոքր շուկա ունեցող երկրում կարգ ու կանոն հաստատել և վաճառվող ապրանքների որակը պատշաճ վերահսկել այնքան ժամանակ, մինչև որևէ ողբերգական դեպք չի չոքում մարդկանց դռանը:
Եթե չլիներ մեթանոլ պարունակող օղուց կուրացած ու մահացած քաղաքացիների դեպքը, տեսչական մարմինները, հավանաբար, կշարունակեին պնդել, որ Հայաստանում մեթանոլ պարունակող օղիներ չկան: Կշարունակեին նաև անվրդով աշխատել և այդպես էլ շուկայում վաճառվող որևէ վտանգավոր ապրանք չհայտնաբերել: Բայց, հիմա, երբ շուրջ 20 մարդ մահացավ, ու պարզվեց նաև, որ օղուց բացի տեխնիկական սպիրտն օգտագործվել է նաև ալկոգելերի արտադրության մեջ, տեսչական մարմինները սկսեցին ակտիվ աշխատել:
1or.am-ը փորձեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից պարզել, թե այս ընթացքում ալկոգելերի որակի մասով ստուգումներ իրականացվո՞ւմ է, վերջին անգամ ե՞րբ է կառույցն ալկոգելերի որակի ստուգում իրականացրել և արդյո՞ք մինչ այս շուկայում հայտնաբերվել են մեթանոլ պարունակող ալկոգելեր: Կառույցի հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտից-մայիս ամիսներին տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում հայտաբերվել են միայն մակնշման հետ կապված խնդիրներ:
«Ըստ էության, մի քանի տնտեսվարողների մոտ մակնշումը չի համապատասխանել ապրանքի պարունակությանը, սակայն այն շտկվել է, և խնդիրը կարգավորվել է: Դրանից հետո որևէ խնդիր չի արձանագրվել: Այս պահին տեսչական մարմնի կողմից կրկին ուսումնասիրություններ են իրականացվում: Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ամբողջական ինֆորմացիա կտրամադրվի շուկայում առկա ալկոգելերի որակի վերաբերյալ»,- ասաց Դ. Պետրոսյանը:
Հուսանք, որ ուսումնասիրություններն այս անգամ կբացահայտեն իրականությունը և կպարզվի, թե իրականում որ տնտեսվարողներն են մեթանոլ պարունակող սպիրտն օգտագործել ալկոգելի արտադրության մեջ: Իսկ եթե տեսչական մարմնին այդպես էլ չհաջողվի նման տնտեսվարողի բացահայտել, ապա հերթական անգամ կարձանագրենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տեսչական մարմինները շարունակում են աշխատել ոչ թե շուկան կասկածելի որակի ապրանքներից ազատելու, այլ գրանցված դեպքերից հետո սպառողների կասկածները փարատելու «հին ու բարի» մեթոդներով:
Արմինե Գրիգորյան