Ինչո՞վ PicsArt-ը գրավեց աշխարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրահայտ PicsArt հավելվածի ստեղծման և նրա համաշխարհային ճանաչում ձեռք բերելու մասին իր «Из Еревана — в Калифорнию: чем приложение PicsArt Ованнеса Авояна покорило мир» հոդվածում գրել է RBC-ի լրագրող Դենիս Սիդորովը։
Հովհաննես Ավոյանի 13-ամյա դուստրը հետաքրքրված էր նկարչությամբ, բայց ամեն անգամ, երբ իր աշխատանքները տեղադրում էր համացանցում, նա արժանանում էր բացասական մեկնաբանությունների։ Օնլայն-քննադատների պատճառով լաց լինող աղջկան տեսնելով՝ հայ գործարարի մոտ գաղափար է ծագել՝ ստեղծել այնպիսի ծրագիր, որը ոչ միայն ստեղծագործելու համար նախատեսված գործիքներ կտրամադրի, այլև կձևավորի միմյանց աջակցող մարդկանց համայնք։ Այդպիսով ստեղծվել է PicsArt հավելվածը։
PicsArt-ը պատկերների և տեսանյութերի հետ աշխատելու համար նախատեսված՝ հասկանալի և բազմաֆունկցիոնալ հավելված է։ Նրա օգնությամբ կարելի է պատկերներին տարբեր ֆիլտրեր ավելացնել, դրանք հարմարեցնել անհրաժեշտ ձևաչափին, ավելորդ առարկաները կտրել, ստեղծել պիտակներ, բազմաթիվ էֆեկտներ փորձարկել, ինչպես նաև տեսանյութերի համար սաունդթրեքներ ստեղծել։
Google Play-ի «Լուսանկար» բաժնում հավելվածը վերջին տարիներին առաջատար դիրքերում է։ Նրա առաջին տարբերակները փորձարկվել են Android-ով։ Դա ճիշտ ընտրություն էր, քանի որ Android հավելվածների շուկայում մրցակցությունն ավելի ցածր էր։ Բացի դրանից, Google Play-ի ալգորիթմների շնորհիվ՝ PicsArt-ի յուրաքանչյուր նոր տարբերակ հրապարակվել է, ինչն ապահովել է ծրագրի նորագույն հավելվածների ցուցակում հայտնվելը։ Հավելվածի թիմն իր օգտատերերին վարժեցրել է, որ PicsArt-ի յուրաքանչյուր բարելավման արդյունքում հավելվածը համալրվում է նոր ֆունկցիաներով։
PicsArt-ը թողարկել են 2012 թվականին, և ընդամենը մեկ տարվա ընթացքում հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 35 միլիոնը։ 2013 թվականին ստեղծվել է նաև iOS տարբերակը, ինչի արդյունքում iPhone ունեցողները նույնպես միացել են PicsArt-ի համայնքին։

Երբ թողարկումից երեք տարի անց հավելվածը գերազանցել է 200 միլիոն ներբեռնումը, Ավոյանը հասկացել է, որ հետագա զարգացման համար անհրաժեշտ են արտաքին ներդրումներ։ Ինչպես հայտնի է, բիզնեսի միջազգային հաջողություններն ապահովելու համար նորարարների նպատակակետը Սիլիկոնյան հովիտն է։
Այսպիսով, հավելվածի գործընկերը դարձել է Sequoia Capital-ը, որը ներդրումներ է կատարել բազմաթիվ ստարտափներում, որոնք աճելով դարձել են բազմամիլիարդ ընկերություններ (Google, Apple, Instagram և այլն)։ Ներդրումների առաջին փուլը 35 մլն դոլարով (ներառյալ Sequoia-ից ստացած 10 մլն դոլարը) ամփոփելով՝ PicsArt-ը գլխադասային գրասենյակ է բացել Կալիֆոռնիայում։
Այսօր PicsArt-ի թիմը խաղադրույք է կատարում արհեստական ինտելեկտի վրա։ Այն աշխատում է ոչ միայն պատկերների բարելավման ուղղությամբ, այլև ճանաչում է լուսանկարում նշված օբյեկտները կամ ստուգում՝ արդյո՞ք բովանդակությունը դեմ չէ կանոններին։ Ոչ վաղ անցյալում ծրագրավորողները հավելվածին ավելացրել են կտավի գործառույթը․ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով նեյրոնային ցանցը կգտնի արվեստի գործ, որը կարող է զուգորդվել օգտատիրոջ լուսանկարի հետ՝ կենտրոնանալով անկյան, համամասնությունների և այլ դետալների վրա։ Պարզ ասած, դա, օրինակ՝ Ձեզ կզարդարի հնաոճ քանդակի ժպիտով։
Տեսանյութերի համար մշակվել է «Խելացի երաժշտություն» տեխնոլոգիան։ Ընդամենը մի քանի սեղմումով, նեյրոնային ցանցը տեսանյութի համար սաունդթրեք է ստեղծում՝ կենտրոնանալով օգտատիրոջ տրամադրության կամ երաժշտական նախասիրությունների վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: