Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը դադարեցված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետ Նոնա Սարգսյանը 1or.am-ի հետ զրույցում` անդրադառնալով աշխատանքային գրքույների թվայնացման գործընթացին նշեց, որ գործընթացը այս պահին դադրեցված է:
Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամանակահատվածում, ամբողջ ծավալով թվայնացման գործընթացն ավարտին չի հասցվել, ծառայությունը՝ ի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վերանայել է սահմանված ժամկետները և մոտ ժամանակներս կառավարության հաստատմանը կներկայացնի կառավարությա որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով թվայնացման աշխատանքերըկերկարաձգվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Քանի որ դեռևս կառավարության որոշումը հաստատված չէ, այս պահին աշխատանքային գրքույկների հավաքագրման և թվայնացման գործընթացը դադարեցված է: Աշխատանքերը կվերսկսվեն, երբ ուժի մեջ կմտնի կառավարության նոր որոշումը»,- ասաց Ն. Սարգսյանը:
Խոսելով նախկինում իրականացված գործընթացն անավարտ մնալու մասին վարչության պետը նշեց, որ հիմնականում խոշոր գործատուները, որոնք ունեն հարյուր և ավելի աշխատողներ, թեև ոչ ամբողջությամբ, սակայն, հիմնականում ներկայացրել են տվյալներ, սակայն զգալի թվաքանակով աշխատողների համար գործատուները դեռևս չեն ներկայացրել իրենց աշխատողների գրքույկները: Բացի այդ, գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսվել է կառավարության որոշամբ որոշակի փոփոխություններ մտցնել նաև աշխատողների թվաքանակի մասով, որով պայմանավորված տարբեր ժամկետներ կսահմանվեն:
«Իսկ այն անձինք, որոնք դեռևս կենսաթոշակային տարիքի չեն, բայց ունեն չթվայնացված աշխատանքային գրքույկ, պետք է ինքնուրույն Սոցապծառայության տարածքային բաժին ներկայացնեն իրենց աշխատանքային գրքույկը: Ինչ վերաբերում է10 և ավել աշխատող ունեցող ընկերություններին, ապա գործատուն պետք է կազմի հանձնման-ընդունման ակտը երկու օրինակից, իսկ մինչև10 աշխատող ունեցող գործատուի դեպքում հանձնման-ընդունման ակտը կկազմվի տարածքային բաժիններում»,- ասաց Ն. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող անձանց, ապա նրանք ևս ինքնուրույն պետք է ներկայացնեն իրենց աշխատանքային գրքույկները թվայնացման: Ի դեպ, աշխատանքային գրույկները վարելու կարգը գործել է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Դրանից հետո գործատուներն այլևս թղթային տարբերակով աշխատանքային գրքույկ չեն վարում, այլ էլեկտրոնային եղանակով, հաշվետվություն է ներկայացվում Պետական եկամուտների կոմիտե:
Նշենք նաև, որ աշխատանքային գրքույկի թվայնացման գործընթացը ենթադրում է բացառապես գրքույկի թվայնացում, իսկ հարակից տեղեկանքները կամ պայմանագրերը չեն թվայնացվում: Եվ եթե առկա է այնպիսի ժամանակահատված, որի ժամանակ անձն աշխատել է, բայց ինչ-ինչ պատճառներով այդ մասին գրքույկում գրառում չի կատարվել, ապա քաղաքացին աշխատանքային պայմանագիրը կամ հրամանի օրինակը պետք է շարունակի պահել իր անձնական արխիվում մինչև կենսաթոշակային իրավունքի իրացման ժամկետը լրանալը և այն ներկայացնի որպես հավելյալ տեղեկատվություն աշխատանքային պատմությունը հաստատելու համար:
Արմինե Գրիգորյան