Ի՞նչն է Ձեզ խանգարում ամուսնանալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատերս ենք ճանաչում աղջիկների, ովքեր շատ գեղեցիկ են, բարի և տնարար, բայց այդպես էլ չեն ամուսնանում:
Ներկայացնում ենք հնարավոր պատճառներից մի քանիսը՝
Մտերիմների կողմից մշտական ճնշումը
Մեր օրերում հասարակության մեջ, ինչպես աղջիկներից, այնպես էլ տղամարդկանցից շատերը չեն շտապում հնարավորինս շուտ ամուսնանալ, քանի որ ի տարբերություն հին ժամանակների՝ ուշ ամուսնանալը անհաջողություն չեն համարում: Այնուամենայնիվ, նրանք պարբերաբար ճնշվում են մտերիմների՝ ավագ սերնդի ներկայացուցիչների, ընկերուհիների, գործընկերների և այլոց կողմից, ովքեր ամեն անգամ հարցնում են, թե ինչու չի ամուսնանում, համոզում են ընկերություն անել այսինչ տղայի հետ, կամ շեշտում են, որ հասակակից աղջիկներն ու ընկերուհիներից շատերն ամուսնացած են և արդեն մի քանի երեխա ունեն, և եթե հիմա չշտապի, տանը կմնա և այլն: Հասարակության կողմից նման ճնշումները կարող են ցածրացնել ինքնագնահատականն ու նևրոզ առաջացնել, կամ վատագույն դեպքում՝ դրդել բացարձակապես անհամապատասխան մարդու հետ շուտափույթ ու չմտածված ամուսնության:
Բոլոր տղամարդկանց սրիկա համարելը
Շատ աղջիկներ՝ ի պատասխան «ինչու՞ չես ամուսնանում» հարցին, ասում են. «Բոլոր տղամարդիկ սրիկա են»: Սովորաբար, նման պատասխան տալիս են աղջիկները, ովքեր անարժան և թեթևամիտ տղամարդկանց «զոհ են դարձել»:
Իդեալին սպասելը
Շատ աղջիկներ չեն ամուսնանում՝ նշելով, որ իրենք դեռևս չեն գտել իրենց իդեալին: Իդեալական տղամարդուն շատերը նկարագրում են այսպես՝ միշտ ծաղիկներ ու կոնֆետներ բերող բարձրահասակ, գեղեցիկ, հարուստ և հոգատար տղամարդ:
Իրականում, իդեալական մարդիկ գոյություն չունեն՝ ոչ կանայք, ոչ տղամարդիկ. բոլորն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները:
Փորձեք կրճատել Ձեր ակնկալիքների ցուցակը՝ որո՞նց հետ կկարողանաք համակերպվել: Միգուցե կրճատեք և բացառեք տղամարդկանց (օրինակ՝ թմրամոլ, արբեցող, կնամոլ, բռնակալ), ում հետ ներդաշնակ ու երջանիկ ընտանիք ստեղծելը գրեթե անհնար է, իսկ մյուս թերությունների հետ համակերպվե՞ք՝ հիշելով, որ ինքներդ էլ իդեալական չեք:
Ամուսնալուծության վախը
Ցավոք, քիչ չեն ամուսնալուծությունների դեպքերը: Հնարավոր է, որ Ձեր հարազատների կամ ծանոթների մեջ կան զույգեր, ովքեր կազմել են շատ երջանիկ և սիրառատ ընտանիք, բայց որոշ ժամանակ անց թշնամացել ու ամուսնալուծվել են: Նման պատմությունները տարածված են նաև համացանցում:
Սակայն, բոլորը չէ, որ նման ճակատագրի են արժանանում: Ընտանեկան կյանքը կարող է իդեալական թվալ, բայց ժամանակ առ ժամանակ բոլոր զույգերն էլ կանգնում են որոշակի խնդիրների առաջ, որոնք՝ անկախ բարդությունից, գրեթե միշտ լուծելի են. հարցը ցանկության և ընտանիքի արժևորման մեջ է:
Ընտանիք կազմելուն պատրաստ չլինելը
Կան աղջիկներ, ովքեր չեն ցանկանում ամուսնանալով՝ խոհանոցի, լվացքի մեքենայի և փոշեծծիչի «գերին» դառնալ, ստիպված համակերպվել դիմացինի վատ սովորությունների հետ և այլն: Նման մտքերը կարող են վկայել Ձեր՝ ամուսնության պատրաստ չլինելու մասին: Պատճառը կարող է լինել Ձեր կողքի տղամարդը. գուցե նա այն միակը չէ, ում հետ կցանկանայիք մինչև ծերություն ապրել, կամ գուցե պատճառը մասնագիտական հաջողությունների ձգտելու մեջ է: Այնուամենայնիվ, Ձեզ մի ստիպեք շուտափույթ ամուսնանալ, քանի որ այդպես է պետք. Մի կրկնեք շատերի կողմից թույլ տրված սխալը: Լսեք Ձեր սրտին, և ընտանիք կազմեք միայն այն դեպքում, երբ հանդիպեք համապատասխան մարդուն և զգաք, որ պատրաստ եք դրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: