Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու պայմանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարաբերական խոնավությունը նպաստում է օդում գտնվող աերոզոլային մասնիկների միջոցով COVID-19-ի տարածմանը: Ըստ Aerosol and Air Quality Research ամսագրի՝ այս եզրահանգմանը եկել են Լայպցիգում (Գերմանիա) գտնվող Լեյբնիցի անվան տրոպոսֆերային հետազոտությունների ինստիտուտի և ՆյուԴելիում (Հնդկաստան) գտնվող Ազգային ֆիզիկական լաբորատորիայի հետազոտողները: Օդի՝ 40-60% հարաբերական խոնավությունը կարող է նվազեցնել վիրուսի տարածումն ու քթի լորձաթաղանթի միջոցով դրա կլանումը:
Երկար ժամանակ վարակի տարածման հիմնական ուղին համարվում էր վարակված մարդկանց հազի կամ փռշտոցի արդյունքում օդում հայտնվող խոշոր կաթիլների տարածումը: Ծանր կաթիլները շատ արագ են ընկնում գետնին և կարճ տարածություն են անցնում: Սա է պատճառը, որ կորոնավիրուսով չվարակվելու համար խորհուրդ են տալիս 1,5-2 մետր հեռավորություն պահպանել:
Հայտնի է, որ փոքրիկ՝ 5 միկրոմետր դիամետրով, կաթիլները կարող են 9 րոպե մնալ օդում: Իսկ խոնավության պայմաններում, օդում գտնվող ջրի մոլեկուլները կպչում են կաթիլի մասնիկներին՝ արագացնելով դրանց անկումը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օդի խոնավությունը ազդում է նաև կաթիլում գտնվող միկրոօրգանիզմների, դրանց գոյատևման և ապաակտիվացման վրա: Չոր օդը նվազեցնում է քթի լորձաթաղանթի խոնավությունը՝ լորձաթաղանթը վիրուսների համար թափանցելի դարձնելով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը