Ի՞նչ ուտել խումարը (похмелье) հաղթահարելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCNN-ը նշել է, որ Addiction ամսագրում հրատարակված հետազոտություններից մեկի համաձայն՝ մեծահասակների 76%-ն ալկոհոլային խմիչք օգտագործելու հաջորդ օրը խումարի (похмелье) խնդրին է բախվում: Խումարի ախտանշաններն են՝ ջրազրկումը, գլխացավը, մկանների ցավը, գլխապտույտը, արագ սրտխփոցը և հոգնածության զգացողությունը:
Ալկոհոլի խմորման հետ կապված միացությունները նպաստում են խումարի ախտանշանների ուժեղացմանը: Մուգ գույնի խմիչքներում (բուրբոն, վիսկի) դրանք ավելի շատ են, քան բաց գույն ունեցողներում, ինչպիսիք են՝ օղին կամ թեթև գարեջրերը: Ուստի, մուգ խմիչքները կարող են ավելի ծանր խումարի հանգեցնել:
Չիկագոյի բժիշկ Արիել Լեվիտանն ասել է. «Ուտելիքն օգնում է դանդաղեցնել օրգանիզմի կողմից ալկոհոլի ներծծման արագությունը»:
Քանի որ ալկոհոլը վատացնում է օրգանիզմի կողմից որոշակի սննդանյութերի յուրացումը, որոշ փորձագետներ ալկոհոլի չափից շատ օգտագործումը կապում են A, B խմբի վիտամինների, ցինկի, կալիումի և այլ վիտամինների ու հանքանյութերի մակարդակի նվազման հետ: Սակայն կան մթերքներ, որոնց օգտագործման դեպքում օրգանիզմը լրացնում է դրանց պակասը:
Ներկայացնում ենք CNN-ի նշած վիտամինները, ինպես նաև դրանցով հարուստ մթերքները՝
A վիտամին – պարունակվում է ձվի, մսի, ձկան, կաթի, թթվասերի, պանրի, ինչպես նաև՝ կաթնաշոռի մեջ: Այս վիտամինով հարուստ են նաև հետևյալ մրգերն ու բանջարեղենը՝ գազարը, քաղցր պղպեղը, դդումը, քաղցր կարտոֆիլը, ծիրանը, դեղձը, սեխը, ձմերուկը, չիչխանը, խաղողը, խնձորը և այլն:
B խմբի վիտամիններ – B խմբի վիտամիններով հարուստ են հացահատիկային մշակաբույսերը, մսամթերքը, ձուն, մակարոնեղենը, կաթնամթերքը, կարտոֆիլը, սունկը, տերևային կանաչ բանջարեղենը, ծաղկակաղամբը, սխտորը, բազուկը, արքայախնձորը և այլն:
Ցինկ – պարունակվում է ծնեբեկում, կտավատի, դդմի, ինչպես նաև արևածաղկի սերմերում: Ցինկի աղբյուր են նաև կենդանական սպիտակուցները, ընկուզեղենն ու լոբազգիները:
Կալիում - Կալիումով հարուստ են բանանը, ավոկադոն, թարխունը, սոյան, կակաոն, լոբին, սև պղպեղը և այլ մթերքներ:
Խումարի հաղթահարման համար կարևոր է նաև հիդրադացված մնալը:
«Եթե արթնանում եք խումարով, անմիջապես մեծ քանակությամբ ջուր խմեք»,- ասել է նյութափոխանակության մասնագետ բժիշկ Ռոմի Բլոքը:
ԱՄՆ-ի Բժշկության ազգային գրադարանը խորհուրդ է տալիս ալկոհոլային խմիչքներ օգտագործելու ընթացքում 1 բաժակ ջուր խմել՝ խումարը կանխարգելելու համար: Հնարավոր է՝ այդ դեպքում ավելի քիչ ալկոհոլ օգտագործել և նվազեցնել ջրազրկումը:
Շատ փորձագետներ զգուշացնում են չկիրառել ացետամինոֆեն պարունակող դեղամիջոցներ (օրինակ՝ Tylenol), քանի որ դրանք՝ ալկոհոլին միանալով, կարող են վնասել լյարդը: Խորհուրդ չի տրվում առավոտյան նույնպես ալկոհոլ օգտագործել, քանի որ այն կավելացնի դրա քանակն արյան մեջ, բայց հենց որ մակարդակը զրոյանա, ի հայտ կգա խումարի վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: