Ստենֆորդում ստեղծում են խելացի էկզոկմախք, որը պաշտպանում է տարեցներին վայր ընկնելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷկզոկմախքը (արտաքին կմախք) մարդու կորցրած գործառույթների վերականգնման, մկանների ուժի ավելացման և շարժումների ամպլիտուդայի ընդլայնման համար նախատեսված ռոբոտ է:
Ազդրերին ամրացված էկզոկմախքը՝ հավասարակշռությունը կորցնելու նշանները ճանաչող ալգորիթմի շնորհիվ, կարող է կանխել տարեցների անկումը: Սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ տարեցների ցանկացած անկումը կարող է ճակատագրական լինել: Վտանգավոր իրավիճակում ռոբոտը մարդուն օգնում է մարմնի դիրքն այնպես փոխել, որ հավասարակշռությունը պահպանվի:
Համապատասխան ալգորիթմ ստեղծելու համար անհրաժեշտ է եղել պարզել անկումը կանխատեսող պայմանները: Այդ նպատակով Ստենֆորդի համալսարանի մասնագետները ստեղծել են մոդել, որը սովորել է նմանակել մարդկանց, մասնավորապես՝ նրանց՝ հավասարակշռությունը կորցնելն ու վերականգնելը:
Էկզոկմախքը հագցվելու է ազդրերին և ապահովելու է ազդրերի մկանների լրացուցիչ ուժն ու կառավարումը: Այն՝ արհեստական ինտելեկտի օգնությամբ, որոշելու է մարմնի դիրքը, շարժման արագությունը և այլ գործոններ: Վայր ընկնելու ռիսկի՝ որոշակի մակարդակից բարձր լինելու դեպքում համակարգն ակտիվացնելու է վերականգնման գործընթացը:
Ինժեներները մտադիր են սարքավորումը զինել տեսախցիկներով, որ այն ճանաչի ճանապարհի խոչընդոտները և օգնի շրջանցել դրանք:
Հարկ է նշել, որ էկզոկմախքը հագուստի տակից չի նկատվելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: