Մենք մեր գյուղը կպահենք, բայց երեխաներին բերելու համար երաշխիք է պետք. Մատաղիսի գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական հարձակման թիրախ դարձած ԼՂՀ Մատաղիս գյուղում, ինչպես եւ Թալիշում կյանքը դեռ չի վերադարձել իր բնականոն հուն: Գյուղում դեռ միայն տղամարդիկ են ապրում կամ ավելի շուտ հերթապահություն անում:
Օդային հրետանու հարձակման հետեւանքով իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, լյարդի վնասվածք ստացած Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը մեր այսօրվա զրույցի պահին գյուղում էր: «Ինչպե՞ս եք, քայլո՞ւմ եք» հարցին նա կատակով պատասխանեց. «Խի կարո՞ղ ա ինվալիդ եմ»:
Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.
- Պարոն Ավանեսյան, ապրիլի 2-ի հարձակման ժամանակ ձեր գյուղը եւս թիրախ դարձավ: Տեղահանված բնակիչներն արդեն վերադառնո՞ւմ են իրենց տները:
- Ընդհանուր առմամբ տղամարդիկ գյուղում են, բայց կանայք ու երեխաները՝ դեռ չէ: Դեռ ապահով չէ, հրադադարի խախտումներ են լինում: Տղամարդիկ հերթապահում են, որ գիշերով մեկին չվնասեն: Ամեն ինչ հնարավոր է:
- Ինչո՞վ են զբաղվում տղամարդիկ:
- Առօրյա հոգսերով: Առաջացած թերություններն են վերացնում: Ամեն մեկն իր տան, ընտանիքի հոգսերն է հոգում, իրար օգնելով գյուղում հերթապահություն են տանում, ով ինչ պատահի՝ անում է:
- Որտե՞ղ են հիմա նրանց ընտանիքները:
- Տարբեր, մի մասը Հայաստանում, մի մասը Ստեփանակերտում, մի մասը Ղարաբաղի տարբեր տեղերում:
- Վնասված տները շա՞տ են, վերականգնվո՞ւմ են արդեն:
- Ես չգիտեմ՝ կոնկրետ քանի տուն էր վնասվել: Ես հիվանդանոցում եմ եղել հաշվարկների ժամանակ: Երեւի մոտ 30 տուն: Հիմա արդեն վերականգնվում են, արդեն բավականաչափ աշխատանքներ են կատարվել:
-Միջոցներ կա՞ն այդ աշխատանքները տանելու:
- Այո, Կառավարությունը աջակցում է:
- Մոտավորապես կարո՞ղ եք ասել, թե երբ կարող են մարդիկ վերադառնալ իրենց տները:
- Չեմ կարող: Աշխատանքները տարվում են, բայց դեռ վաղ է խոսել ընտանիքների տեղափոխման մասին:
- Հնարավո՞ր է չվերադառնան:
- Ամեն ինչ էլ հնարավոր է:
- Թալիշի գյուղապետին էլ եմ հարցրել՝ ձեզ էլ հարցնեմ. ձեր ընտանիքը կվերադառնա՞ գյուղ:
- Երաշխիք է պետք վերադառնալու համար, քանի դեռ չկա էդ երաշխիքը՝ ոչ մեկ էլ չի վերադառնա: Եթե ես չվերադառնամ, ուրիշ ոչ մեկ էլ չի վերադառնա:
- Նկատի ունեք անվտանգությա՞ն երաշխիքներ:
- Դե ուրիշ ի՞նչ: Բնակարան, բան, էդ սաղ լուծվող հարցեր են: Ամեն մարդ էլ կլուծի իր հարցերը:
- Իսկ ո՞րը կլինի անվտանգության երաշխիքը: Հրադադարի պայմանագի՞րը:
- Միայն դա չէ, Ղարաբաղի հարցի վճռական եւ վերջնական լուծումը: Թե չէ որ էսպես մնա, ամեն օր էլ կարող է նույնը կրկնվել: Մենք գյուղում կլինենք, կպահենք մեր գյուղը: Ես այս պահին էլ գյուղում եմ: Բայց երեխաներին էստեղ բերել՝ դա արդեն լուրջ է: