Բացահայտվել են կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում ստանալու դեպքեր․ ԱԱԾ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019 թվականին ընդգրկված լինելով զորակոչիկների բժշկական հետազոտման, փորձաքննության և բուժման համար ստեղծված հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու և դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ, այնուհետև նրա օժանդակությամբ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թվով 4 զորակոչիկների հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ հիշյալ ծանոթը ինչպես վերը նշված, այնպես էլ այլ զորակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և զինծառայողներին ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու նպատակով, վերջիններիս հարազատներից՝ որպես միջնորդ, պատկան մարմիններին կաշառք տալու համար 2019 թ.-ի ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Անհերքելի ապացույցների առկայության ներքո կաշառք ստացած հիշյալ պաշտոնատար անձը խոստովանել է կատարած հանցագործությունը։
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։