Կա՛մ այս բարքերը պետք է իսպառ վերացվեն բանակից, կա՛մ բանակի ղեկավարներն անելիք չունեն բանակում. Նորայր Նորիկյան
ՎԻԴԵՈՓաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այսօր ուսումնասիրեցի օրինական ուժի մեջ մտած թվով 10 դատական ակտեր, որոնցից 5-ը զինված ուժերում տեղի ունեցած սպանություններ են, 5-ը՝ ինքնասպանություն:
Հանցագործությունները տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում:
Սպանությունները կատարվել են ծնողների հասցեին հայհոյանք հասցնելու, դիրքում քնելու, լարված հարաբերությունների, վրեժի, կոպտության, ծաղրուծանակի, վիրավորանք հասցնելու և նվաստացնելու պատճառով:
Ինքնասպանությունները կատարվել են պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի, աման լվանալու, ծեծի, բռնության, անկողինը հավաքելու և ուրիշի փոխարեն գործ անելու պատճառով:
Կա՛մ այս բարքերը պետք է իսպառ վերացվեն բանակից, կա՛մ բանակի ղեկավարներն անելիք չունեն բանակում և իրենք պետք է հեռացվեն՝ հիմք դնելով բանակի հիմնովին վերափոխմանը:
Այսպես շարունակել չի կարելի: Սա անթույլատրելի և հանցավոր շռայլություն է մեր զավակների արյան ու կյանքի հաշվին:
Պետք է կատարվեն վիրահատական միջամտություններ՝ այս ամոթալի բարքերն արմատախիլ անելու համար:
Բանակում պետք է գործի միայն ու միայն օրենքը:
Ես պնդում եմ՝ բանակն ինքը նույնպես պետք է ստանձնի կրթական առաքելություն` ապահովելով երիտասարդ սերնդի ունիվերսալ զարգացվածության որոշակի մակարդակ:
Այո՛, բանակը պետք է կրի պատասխանատվություն զորացրված զինծառայողի զարգացվածության աստիճանի, հետագա դրսևորվող վարքագծի համար:
Այո՛, ինքն իրեն հարգող մարդու համար բանակը ինքնահաստատվելու, ինքնաարտահայտվելու, կայանալու միջավայր է, սակայն պետության սրբազան պարտականությունն է ապահովել բարենպաստ, քաղաքակիրթ ու օրինական միջավայրը»: